երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աշոտ Արսենյանը մայրաքաղաքին ձյուն մաքրող մեքենա չի նվիրել, այդ մեքենաները նվիրել է «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը. Երևանի քաղաքապետ

Աշոտ Արսենյանը մայրաքաղաքին ձյուն մաքրող մեքենա չի նվիրել, այդ մեքենաները նվիրել է «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը. Երևանի քաղաքապետ

Գործարար Աշոտ Արսենյանը Երևանի քաղաքապետարանին ձյուն մաքրող մեքենաներ չի նվիրել, մայրաքաղաքին ձյուն մաքրող մեքենաներ նվիրել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ապատեղեկատվություն համարելով Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության հայտարարությունները, թե Աշոտ Արսենյանը քաղաքին ձյուն մաքրող մեքենաներ է նվիրել:

Հիշեցնենք՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին։

«Ապատեղեկատվություն է, այս պահին ես չգիտեմ՝ ինքը կապ ունի՞, թե՞ ոչ, բայց «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա: Մենք նվիրատվության մասին եռակողմ պայմանագիր ունենք 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են նվեր տվել, նոր է հանձնում-ընդունումը եղել, կհրապարակենք նվեր ընդունված մեքենաների մասին տեղեկությունը։ Մնացած 3 մեքենաների մասին կկարողանանք տեղեկություն տալ այն պահին, երբ նվերի փոխանցումը լինի»,-լրացրեց Մարությանը։

Լրագրողի դիտարկմանը, որ «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն Արսենյանի հետ է փոխկապակցվում, նա արձագանքեց․

«Ես ասում եմ փաստերը, թե որն ումն է, ես պետռեգիստրի աշխատող չեմ, ես քաղաքապետ եմ»։ Հարցին՝ շենք կառուցելու թույլտվության դիմա՞ց են նվիրել մեքենաները, քաղաքապետը պատասխանեց․ «Նվերները և կառուցումները իրար հետ կապ չունեն»։

  • Կիսվել: