հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՍՀ նախարարն այցելել է Մեծամորում կառուցվող Անկախ կյանքի կենտրոն

ԱՍՀ նախարարն այցելել է Մեծամորում կառուցվող Անկախ կյանքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արսեն Թորոսյանն այսօր Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի և Մեծամորի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանի հետ այցելել է Մեծամորում կառուցվող Անկախ կյանքի կենտրոն։
 
Նախարարը շրջել է կենտրոնի տարածքում՝ տեղում ծանոթանալով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև դրանց որակական չափանիշներին։ Նա շեշտել է, որ նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն սահմանված ժամկետում՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետություն։
 
Նախարար Թորոսյանն ընդգծել է կենտրոնի դերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման, ինչպես նաև նրանց անկախ կյանքի հմտությունների զարգացման գործում։
 
Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Գեղակերտ համայնքում գտնվող համայնքային փոքր տանը, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքների արդյունքներին, դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման պայմանները։
 

  • Կիսվել: