Ասացին՝ ծանր չէ վիրավորումը, բայց 2 օր անց մահացավ. Արեւիկի միակ ցանկությունն է եղբոր դին տեղափոխել Հայաստան (ֆոտո)
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից պայմանագրային զինծառայող եղբորը կորցրած Ստեփանակերտի բնակչուհի Արեւիկ Ավանեսյանը ինքնուրույն է Արցախից դուրս բերել հաշմանդամ մորը եւ 13-ամյա երեխային:
Արեւիկի եղբայրը՝ 44-ամյա Արմեն Պետրոսյանը, բեկորային վնասվածք է ստացել Ասկերանի շրջանում սեպտեմբերի 19-ին, նրան տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղ էլ մահացել է 2 օր անց:
Քույրը պնդում է՝ եղբոր վնասվածքը մահացու չի եղել, մահվան պատճառ է հասել բժիշկների անփույթ վերաբերմունքը եւ մեծ քանակով արյուն կորցնելը:
«Եղբայրս վիրավորվել է սեպտեմբերի 19-ին, ինձ իր ընկերներից մեկը զանգեց տեղեկացրեց, ու ասաց, որ չանհանգստանամ, ծանր չի վիրավորումը: Երկու օր գնացել եմ մոտը, թեյ եմ տվել, խմել է, վիճակը վատ չէր: Ամսի 21-ին բժշկին կանչեցի, 2 ժամ անց հազիվ եկավ, համոզում էի, որ գար, որովհետեւ եղբայրս գույնը գցել էր, ցավերը ուժեղացել էին: Մինչեւ բժիշկը մտավ սենյակ, բուժքույրը ասեց՝ բժիշկ վերջ, այսինքն եղբայրս արդեն մահացել էր: Հետո էլ բուժքույրն ինձ ասում է, թե իբր ծանր վիրավոր էր, մեզ չէին ասել, բայց երկու օր ես գնում էի, թող շուտ ասեին, կարող է մի բան անեինք, փրկեինք»,- NEWS.am-ին պատմում է Արեւիկը:
Արեւիկը ընտանիքին սեպտեմբերի 27-ին է տեղափոխել Արցախից, գտել է մի մեքենա, որի սեփականատերը Հայաստանում է եղել, այդ մեքենայով էլ դուրս են եկել:
«Ավտոբուսների մեջ արդեն տեղ չկար, այդպես այդ մեքենան ճարեցի, 10 լիտր բենզին ճարեցի, հետո հասանք կամրջի մոտ էլ 10 լիտր տվեցին, եկանք: Արդեն խուճապ էր քաղաքում, ասում էին՝ թշնամին մտել է քաղաք, չնայած մենք էլ տեսանք ճանապարհին, իրոք մտել էին: Երկու օր ճանապարհին ենք եղել, այդ ճանապարհը ահավոր էր, այնքան վթարներ էին եղել, նույնիսկ ճանապարհները քանդված էին՝ կամ թշնամին էր քանդել, կամ էլ մեքենաների հոսքից էր»,- պատմեց նա:
Կինը դիմել է Կարմիր Խաչին, որպեսզի կարողանա գոնե եղբոր դին տեղափոխի Հայաստան եւ հուղարկավորի Եռաբլուրում. իր եւ մոր միակ ցանկությունն է դա հիմա:
«Դիմել եմ, դեռ ինձ չեն պատասխանել Կարմիր Խաչից, ճիշտն ասած լիքը մարդիկ հանել են իրենց հարազատներին, բերել, այստեղ հուղարկավորել, բայց ինձ ասացին,որ այնտեղ մարդ է պետք, որ այդ տեղափոխությանը օգներ, բայց ես մենակ էի, ոչ մեկ չունեի, որ օգներ: Ինչքան տեղյակ եմ՝ մինչեւ հոկտեմբերի մեկը կարողացել են զոհվածներին հանել, տեղափոխել, բայց դրանից հետո տեղյակ չեմ: Կարմիր խաչը ասել է, որ դիմել են Ադրբեջանին, որ կարողանան տեղափոխել:
Արեւիկի ընտանիքը այժմ տեղավորվել են Նոր Նորքում, 270 հազար դրամով տուն են վարձել, սակայն առանց օգնության չեն կարծում, որ երկար կկարողանան ապրել այդ տանը:
«Հիմա մեզ օգնություն է անհրաժեշտ, որ կարողանանք սկզբնական տեղավորվել, մինչեւ աշխատանք գտնեմ: Մայրս հաշմանդամ է, անընդհատ բժշկի գնալու կարիք է լինում, դրա համար եմ ցանկանում հենց Երեւանում: Երեխաս էլ արդեն դպրոց է հաճախում»,- ասում է Արեւիկը:
Արեւիկ Ավանեսյանին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 055 18 13 47: