Արտակարգ դեպք Երևանում. Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա
Այսօր՝ օգոստոսի 5-ին, հերթական փտած ու դարն ապրած ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ Ռադիոտնից դեպի Երևանի պետական համալսարան տանող ճանապարհին, արմատից փտած ծառը տապալվել ու ընկել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները, չսպասելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին, իրենք ավտոմեքենայի սեփականատեր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Պարյանի հետ մասնատել են ծառը և հեռացրել։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Թե ով է փոխհատուցելու քաղաքացուն պատճառված վնասը, կարծես թե մնացել է օդում կախված։ Իսկ արդյոք Երևանի քաղաքապետարանը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կփոխհատուցե՞ն, երևի դա նույնպես բարի կամքի հարց է։



