Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների արձագանքները դրական են. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիների հետ շփումների ընթացքում դրական արձագանքներ է լսել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի վերաբերյալ: Այս մասին Ավանեսյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մեր ժողովուրդն այսքան շնորհակալ և գնահատող է, որ տարիներ ի վեր իրենց առողջապահական կարիքները, որ չեն կարողացել պատշաճ կերպով բավարարել, այսօր այդ հնարավորությունն ունեն և մեր պետությունը նրանց կողքին կանգնած է»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարը բարեփոխումը կյանքի կոչելու հարցում կարևոր է համարում ոչ միայն քաղաքացիների, այլ հենց բուժհաստատություններում բժիշկների և բուժաշխատողների հետ անմիջական շփումներն ու բոլոր հարցերի քննարկումները:
«Հենց այս անմիջական աշխատանքի շնորհիվ է, որ մենք հունվար ամսից կարողացել ենք շատ ճկուն լինել, արագ փոփոխություններ իրականացնել և բարեփոխումը հարմարեցնել իրական կյանքին»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:


