շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առողջապահության ոլորտում երկարաժամկետ ռազմավարական ամենակարևոր ծրագիրը` ձեռքը ժամանակի զարկերակին պահելն է. Ալավերդու ԲԿ տնօրեն

Առողջապահության ոլորտում երկարաժամկետ ռազմավարական ամենակարևոր ծրագիրը` ձեռքը ժամանակի զարկերակին պահելն է. Ալավերդու ԲԿ տնօրեն

Ալավերդու բժշկական կենտրոնի հիմնադրումից ի վեր մեր առջև կար լուրջ մարտահրավեր: Այն է՝ բժշկական կենտրոնը դարձնել ժամանակակից ստանդարտներին համապատասխան և որակյալ ծառայություն մատուցող առողջապահական կառույց: Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում նշեց Ալավերդու բուժկենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Ըստ նրա` առաջին խնդիրը, որը դրված էր նշված գաղափարին հասնելու համար` միջավայրի առողջացումն ու կադրային ճիշտ քաղաքականություն վարելն էր:

«Երկրորդ քայլը, իհարկե, ԲԿ-ի բուժտեխնիկական զարգացումն ապահովելն էր` ստեղծելով թե աշխատակիցների, թե բնակչության համար աշխատանքի և սպասարկման արժանապատիվ պայմաններ»,- նշում է ԲԿ տնօրենը:

Մոսինյանը շեշտում է, որ այս երկու  ուղղություններն էլ քայլ առ քայլ կյանքի կոչվեցին համառ աշխատանքային պայքարով: «Վերջին երկու տարիներին մեր ամենակարևոր սևեռակետը եղել է  աշխատանքաների կազմակերպման համակարգերի ներդրումը, միջազգային ստանդարտների համապատասխանությունը, ինչպես նաև շարունակական բուժտեխնիկական և կադրային զարգացումը»,- պատմում է բուժկենտրոնի երկարամյա տնօրենը:

Նա ընդգծում է, որ այնպիսի արագ զարգացող ոլորտներում, ինչպիսին առողջապահությունն է, երկարաժամկետ ռազմավարական ամենակարևոր ծրագիրը ձեռքը ժամանակի զարկերակին պահելն է: «Իրականացնել, կամ կյանքի կոչել այս կամ այն ծրագիրը ու համարել այդ ուղղությամբ աշխատանքները ավարտված, մեծ մոլորություն է, որն այս պարագայում կարող է ճակատագրական լինել նախ բուժհաստատության, ապա նաև սպասարկվող բնակչության համար: Իսկ Ալավերդու բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող բնակչության թե թիվը, թե աշխարհագրական տարածքը բավականին մեծ են»,- նշում է Մոսինյանը:

Նա նաև ուրախությամբ փաստեց, որ ընթացքի մեջ է ԲԿ-ի բուժտեխնիկայի  արդիականացման խոշոր ծրագրերից մեկը:  «Շուտով Ալավերդու բժշկական կենտրոնում կներդրվի hամակարգչային տոմոգրաֆիա: Սա կարևոր սոցիալական և առողջապահական ներդրում է տարածաշրջանի բնակչության առողջության ապահովման գործում»,- շեշտում է ԲԿ-ի տնօրենը:

Անփոփելով զրույցը` Մոսինյանը փաստեց, որ Ալավերդու բժշկական կենտրոնը իր զարգացման ողջ ընթացքում միշտ ունեցել է  վերադաս մարմինների աջակցությունը, ձեռքբերումների համար միշտ խրախուսվել է պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Նշենք, որ InfoPort.am-ը իր «Առողջապահություն» խորագրի ներքո շարունակելու է անդրադառնալ համայնքային բուժհաստատություններին` մարզային բնակչության համար հնարավորինս հասանելի դարձնելու տարածաշրջանային բուժկենտրոններին, նրանց գործունեությանը, արդիականացման ծրագրերին վերաբերվող տեղեկատվությունը, ինչը կնպաստի դեպի մարզային բկ-ներ հիվանդների հոսքի ավելացմանը: 

  • Կիսվել: