երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Առողջապահության նախարարությունը և Սրտաբանների ասոցիացիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր

Առողջապահության նախարարությունը և Սրտաբանների ասոցիացիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր

«Թեև մինչև հիմա էլ շատ սերտ համագործակցություն ենք ունեցել «Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի» հետ, բովանդակային փոփոխություններից առաջ պարտադիր լսել ու հաշվի առել ձեր կարծիքն ու դիտարկումները, բայց կարևոր է նաև այս ամենը դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա»,- «Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի» հետ համաձայնագրի ստորագրումից առաջ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հատկապես մասնագետների հավաստագրման, բժշկական կենտրոնների լիցենզավորման, ուղեցույցների ու չափորոշիչների մշակման գործում նախարարն անհրաժեշտ է համարել մասնագիտական համայնքի` ասոցիացիաների ներգրավվածությունը:

Նախարարի խոսքով` «Հայաստանի սրտաբանների ասոցիացիան» միշտ աչքի է ընկել միասնական ակտիվությամբ, ինչն էլ ապահովել է նրանց ձայնը լսելի դարձնելն ու գերատեսչության հետ արդյունավետ փոխգործակցությունը:

«Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի» նախագահ Համլետ Հայրապետյանը, ոլորտի զարգացման գործում կարևորելով փորձառու մասնագետների դիտարկումները մշտապես հաշվի առնելու գերատեսչության պատրաստակամությունը, նշել է, որ իրենք էլ իրենց հերթին պատրաստ են ջանքերը մեկտեղելու` ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար:

Համաձայնագրի ստորագրումից հետո նախարարն առաջարկել է մշակել համագործակցության հնգամյա ռազմավարությունը, մեկնարկի համար ներկայացնել երեք առաջնահերթ ուղղություններ:

Ասոցիացիայի անդամները տեղում ներկայացրել են այն երեք կարևոր առաջնահերթությունները, որով և մեկնարկել է Առողջապահության նախարարություն- «Հայաստանի սրտաբանների ասոցիացիա» պաշտոնական համագործակցությունը: 

  • Կիսվել: