Արմավիրի մարզպետը Զարթոնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին
Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Զարթոնք բնակավայր, հետևել պետական աջակցության և համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին:
Մարզպետը նախ ծանոթացել է պետբյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, քննարկել դրանց իրականացման ընթացքին վերաբերող հարցեր՝ հորդորելով ամենայն պատասխանատվությամբ և որակական չափանիշները պահպանելով ծրագիրն ավարտին հասցնել պայմանագրով սահմանված ժամկետներում:
Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցման ավարտական փուլում գտնվող Զարթոնքի մանկապարտեզ, շրջել կառույցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում 16 տարի տևած դադարից հետո համայնքը կունենա մեկհարկանի տիպային շինություն՝ նախատեսված 75 երեխայի համար: Մանկապարտեզն իր մեջ կներառի 3 հարմարավետ խաղասենյակ, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, դահլիճ, սպորտդահլիճ, ապահովված կլինի նաև ջրամատակարարման և ջեռուցման համակարգերով:
Էդվարդ Հովհաննիսյանին վստահեցվել է, որ 168,779,813 դրամ ընդհանուր արժեքով և պետություն-համայնք համահավասար ֆինանսավորմամբ (50%) կառուցվող մանկապարտեզը հարակից բարեկարգ տարածքով շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: