Արդյոք ժամանա՞կը չէ սուբվենցիոն ծրագրերով այնպիսի նոր արտադրութուններ ու ծառայություններ հիմնել, որոնք շարունակական գեներացիա կապահովեն. Սուքիասյան
Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ կապված ՀՆԱ-հարկեր հարաբերակցության հետ: Նա նշեց, որ տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններ վերջին 20 տարում բանակցել և ցանկացել են, որ այդ հարկերը առավել բարձրանան։
՛՛Մենք ունենք երեք տարբերակ՝ առաջինը ստվերն է, երկրորդը՝ մեր ունեցած աճը, որն ամեն տարի ունենում ենք ՀՆԱ արդյունքի աճով, և եթե մասնավոր սեկտոր է, ապա մեկ հրաշալի գործարան կամ մի արդյունաբերություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 3-4 տարիներին բավականին մեծ գումարներ են ծախսվել ճանապարհաշինության վրա, և սուբվենցիոն ծրագրերով տարբեր համայնքներում մեծ աշխատանք է կատարվել՝ արդյոք ժամանա՞կը չէ արդեն սուբվենցիոն ծրագրերով այնպիսի նոր արտադրութուններ ու ծառայություններ հիմնենք, որոնք շարունակական գեներացիա կապահովեն, և նոր հարկային մուտքեր կառաջանան՛՛,-ասաց Սուքիասյանը։
Ի պատասխան՝ Խաչատրյանն ասաց, որ երկրորդ և երրորդ դեպքերում հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշը չեն կարող բարելավել, որովհետև տարբեր աջակցության ծրագրերով և այլ գործոնով պայմանավորված՝ մենք ունենում ենք այն մեծություն աճը, որի նկատմամբ հարաբերում ենք հարկերը, այսինքն՝ հայտարարն է մեծանում։ Հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշը բարելավելու համար մնում է միայն առաջին տարբերակը՝ ստվերի կրճատումը: