Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն այսօր դատարկ աթոռ էին բերել Կառավարության մոտ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն այսօր ևս շարունակվում են: Այսօր երիտասարդ ցուցարարները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց հետ դատարկ աթոռ էին բերել և հայտարարում էին, որ իրենց աթոռից կառչած պաշտոնյաներ պետք չեն:
Երիտասարդները բացականչում են «Արայիկ, հեռացիր»։ Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներն էին՝ «Արայիկ, go home», «ինձ լեզուն է հայ պահել» գրություններով։
Քիչ անց ցուցարարները Կառավարության դիմացից երթով շարժվեցին դեպի ԵՊՀ։
Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է` ՀՅԴ երիտասարդական միության անդամները բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարման: Պատճառը ԿԳՄՍՆ-ի առաջարկած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծն է, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Այս շրջանակներում ՀՅԴ երիտասարնդներին են միացել ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները, որոնք դասադուլ են անում:
ՀՅԴ երիտասարդների խոսքով` իրենց վրդովմունքն է նաև առաջացրել մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ: