Ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին. Արարատ Միրզոյանը Կաթողիկոսի և Ալեն Սիմոնյանի "փոխհրաձգության" մասին
Եթե սկսենք քննարկել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին կաթողիկոսի մասին խոսել այն բառապաշարով, որով խոսում է Ալեն Սիմոնյանը:
«Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում այդ հարցի վերաբերյալ լրացուցիչ որևէ բան ասելու»,- հավելեց նա։
Հարցին՝ ինքը կիսո՞ւմ է Ալեն Սիմոնյանի տեսակետը, Արարատ Միրզոյանը կրկին նշեց, որ չի պատասխանելու այդ թեմայի վերաբերյալ հարցերին. «Ես արդեն ասացի, որ չեմ պատասխանելու։ Այս պահին լրացուցիչ որևէ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց սա չի նշանակում, որ ասելիք չկա»:
Դիտարկմանը, թե արդյոք կաթողիկոսը միջամտում է աշխարհիկ իշխանության գործունեությանը, որ ԱԺ Նախագահն ասաց, որ պետությունն ու եկեղեցին անջատ են և պետք է չմիջամտեն միմյանց ներքին գործերին։
«Միևնույն ժամանակ պետք է ասել, որ կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունենք ՀՀ բոլոր քաղաքացիները: Ես խնդրում եմ այս թեմայի մասին այլ հարցեր չտալ։ Նախապես ասացի՝ անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ բան ասելու, քանի որ ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին, ինչը մեր պետությանն ու ազգին օգուտ չի լինի: Իհարկե ասելիք կա, իհարկե վերաբերմունք կա, բայց չեմ ուզում ասել»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք իշխանության ներկայացուցիչներն այս օրերին հանդիպելու են կաթողիկոսի հետ, ԱԺ նախագահն ասաց, որ տեղեկություն չունի այդ մասին։


