ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Առաջին օգնությունը թվային աշխարհում». սեպտեմբերի 9-ին նշվում է Առաջին օգնության համաշխարհային օրը

«Առաջին օգնությունը թվային աշխարհում». սեպտեմբերի 9-ին նշվում է Առաջին օգնության համաշխարհային օրը

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանք փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ջատագովել, որպեսզի դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:

Այս տարի Առաջին օգնության համաշխարհային օրը «Առաջին օգնությունը թվային աշխարհում» խորագրով նշվելու է սեպտեմբերի 9-ին՝ ընդգծելու առաջին օգնության գիտելիքների կարևորությունը բոլորի համար։ Թվային գործիքներով առաջին օգնության վերաբերյալ գիտելիքի տարածումը հնարավորություն է տալիս  հասանելի դարձնել այն բոլորի տարիքային խմբերի՝ երեխաների, չափահասների և տարեցների համար։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, գործունեություն է ծավալում՝ ուղղված Հայաստանում առաջին օգնության գիտելիքների տարածմանը, ինչպես նաև անվտանգ վարքագծի ձևավորմանը, ինչն իր հերթին նպաստում է հասարակության ընդհանուր դիմակայունության բարձրացմանը:

Փաստեր

Տարեցներն ու երեխաները վնասվածքների ու հիվանդությունների  նկատմամբ ամենախոցելի տարիքային խումբն են: ԱՀԿ տվյալների համաձայն՝ ամեն տարի վնասվածքների պատճառով մահանում է մոտ 950 000 երեխա: Այդ մահերի 90 տոկոսի պատճառը ավտովթարների, ընկնելու, խեղդվելու և այրվածքների պատճառով առաջացած վնասվածքներն են: Դրանց հետևանքով մահերը հնարավոր է կանխել ճիշտ և ժամանակին ցուցաբերված առաջին օգնության շնորհիվ:

Ամեն տարի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերություններն ավելի քան 23 միլիոն մարդու համար կազմակերպում են Առաջին օգնության դասընթացներ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՀՀ-ում կազմակերպում է դասընթացների մոտ 80 տոկոսը։ ՀԿԽԸ առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնը տարեկան վերապատրաստում է ավելի քան 5000 մարդու՝ փրկարարների, ուսուցիչների, բուժքույրերի, սահմանամերձ համայնքների բնակիչների, մասնավոր ընկերությունների աշխատակիցների և այլ խմբերի։

ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ-առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

  • Կիսվել: