ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջարկում են փոփոխություն և լրացում՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում

Առաջարկում են փոփոխություն և լրացում՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում

Գործադիրը փոփոխություն և լրացում է առաջարկում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում: Նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումն օրենսդրությամբ մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելն է:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքեր ունեն ավելի քան 450 հազար բնակարան: Այդ 19 հազարից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42 տոկոսում՝ շուրջ 8000 շենքում, իսկ մնացած 58 տոկոսի դեպքում կառավարման մարմիններ ձևավորված չեն, կառավարումը պետք է իրականացնեն համայնքները:

Արմեն Ղուլարյանի խոսքով հետխորհրդային տարիներին բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները ձևավորվել են հիմնականում առանց ընթացակարգերի պահպանման, սահմանված չեն գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջներ: Նրա համոզմամբ բազմաբնակարան շենքի կառավարմանն առնչվող գիտելիքների բացակայության պատճառով անհնար է ապահովել արդյունավետ կառավարում:

Առաջարկվող կարգավորմամբ Կառավարությանը կտրվի լիազորություն՝ սահմանելու բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ.:

Հարցն արժանացել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում և կից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգում հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ներկայացվել է լրամշակված ու փոխհամաձայնեցված տարբերակը:

Օրենքի ընդունումը միտված է մթնոլորտային օդի պահպանության իրավական և կազմակերպչական հիմքերի սահմանմանը՝ ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են մասնավոր ընկերությունների համար մոտիվացիոն գործիքների կիրառմանը, մթնոլորտային օդի աղտոտվածության բացասական հետևանքներին, մոնիթորինգային կենտրոնների տեխնիկական հագեցվածությանը և այլն: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և կից օրենքներում առաջարկվող լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթի քննարկումը:

  • Կիսվել: