հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Աննա Հակոբյանն ու Լիտվայի վարչապետի տիկինը քննարկել են համատեղ նախաձեռնությունների հնարավորությունը

Աննա Հակոբյանն ու Լիտվայի վարչապետի տիկինը քննարկել են համատեղ նախաձեռնությունների հնարավորությունը

Լիտվա կատարած տարանցիկ կարճաժամկետ այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 15-ին Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեի հետ այցելել են կառուցման փուլում գտնվող Վիլնյուսի «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն»: Ինչպես PrimeNews.am-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցում էր Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ներկայացնելով գործարկվելիք հաստատության հիմնական առանձնահատկությունները՝ կենտրոնի աշխատանքները համակարգող լիտվական «Մայրերի միություն» հիմնադրամի նախագահ Էգլե Մելինաուսկիենեն նշել է, որ կենտրոնը վերականգնողական, սոցիալական, հոգեբանական և այլ աջակցություն է ցուցաբերելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և նրանց ընտանիքներին ու 2020 թ. սկզբներին իր դռներն է բացելու այցելուների առջև:

Ըստ տնօրենի՝ հանգստի և ուսուցման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած կենտրոնը չի փոխարինելու կամ կրկնօրինակելու հիվանդանոցներում մատուցվող բուժմանը կամ ծառայություններին, այլ իր հնարավորություններով փորձելու է լրացնել այն բացը, որ հիվանդանոցները հնարավորություն չունեն ապահովելու:

Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեության հիմնական ուղղությունները, շեշտել մանկական քաղցկեղի դեմ պայքարում ջանքերի համադրման և համակարգման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը հաջորդած աշխատանքային ճաշի ընթացքում Աննա Հակոբյանը և Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելեն քննարկեցին փոխադարձ կապերի հաստատման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները, անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

  • Կիսվել: