երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աննա Հակոբյանն այցելել է «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպություն

Աննա Հակոբյանն այցելել է «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպություն

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Էջմիածնում գործող «Մեր տուն»  սոցիալական հասարակական կազմակերպություն։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Կազմակերպության հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կառույցում, հանդիպել է կազմակերպության հարկի ներքո ապրող աղջիկներին և արդեն շրջանավարտներին։ Աղջիկներն Աննա Հակոբյանին պատմել են իրենց առօրյայի, նախասիրությունների, ուսանողական կյանքի, երազանքների ու նպատակների մասին։

«Աղջիկների դեմքից և նրանց տրամադրությունից ակնհայտ է, որ իսկապես ընտանեկան մթնոլորտում են մեծացել։ Հրաշալի աշխատանք եք կատարել։ Շատ կարևոր է այն, ինչ դուք անում եք։ Եթե նախկինում դուք կարողացել եք այդ աշխատանքը անել և աղջիկներին ինտեգրել ու հասարակության լիարժեք անդամ դարձնել,  հիմա, կարծում եմ, նոր կառավարության հետ շատ ավելի հեշտանալու է ձեր գործը, իսկ աղջիկները շատ ավելի շահելու են»,- ասել է Աննա Հակոբյանը։

Տիգրանուհի Կարապետյանն էլ շեշտել է, որ «Մեր տան» աղջիկների ամենամեծ երազանքը եղել է բնակարան ստանալը։

«Այս տանիքի ներքո մենք ունեցել ենք և՛ լավ օրեր, և՛ դժվար օրեր, ամեն երեխա սպասել է բնակարան ունենալուն և այսօր արդեն այդ մեծ երազանքը, կարծես, դառնում է իրականություն։ Մեր շրջանավարտներից արդեն երկու հոգի ստացել են բնակարանի վկայական»,- ասել է Տիգրանուհի Կարապետյանը։

Հանդիպմանը աղջիկներն Աննա Հակոբյանին հյուրասիրել են իրենց ձեռքով պատրաստած հալվան ու թխվածքները, նաև նվիրել իրենց ձեռքով պատրաստած ձեռագործ և ասեղնագործ զարդեր, հուշանվերներ։

Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել «Մեր տան» պատվավոր հյուրերի գրքում։

  • Կիսվել: