ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամենաթողության պատճառով կրկին տուժում է հանապազօրյա հաց վաստակող, հարկատու քաղաքացին․ Թագուհի Թովմասյան

Ամենաթողության պատճառով կրկին տուժում է հանապազօրյա հաց վաստակող, հարկատու քաղաքացին․ Թագուհի Թովմասյան

 

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը անդրադարձել է երեկ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունին՝ նշելով, որ  կրկին տուժում է հանապազօրյա հաց վաստակող, հարկատու քաղաքացին՝ հրդեհային ու տեխնիկական անվտանգության կանոնների նկատմամբ տնտեսվարողի, ինչպես նաև վերահսկող պետական մարմինների հերթական ամենաթողության պատճառով։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․

«Հրդեհային ու տեխնիկական անվտանգության կանոնների նկատմամբ տնտեսվարողի, ինչպես նաև վերահսկող պետական մարմինների հերթական ամենաթողության պատճառով կրկին տուժում է հանապազօրյա հաց վաստակող, հարկատու քաղաքացին:

1. Վերջին 20 տարիների ընթացքում մեր Հանրապետության տոնավաճառներում, առևտրի կենտրոններում և խոշոր սուպերմարկետներում 150-ից ավելի հրդեհ է արձանագրվել, որոնց պատճառած նյութական վնասի գումարը գերազանցել է 600 միլիոն դրամը: Դրանց մեծ մասի առաջացման պատճառը հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսումն է եղել, կրակի, պայթյունավտանգ նյութերի հետ անզգույշ կերպով վարվելը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների շահագործման տեխնիկական կանոնների խախտումը:

2. 2021 թվականի ապրիլի 6-ին նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում էլեկտրական լարերի անսարքության պատճառով այրվել էին 18 տաղավարներ, որոնց տնօրինող տնտեսվարող սուբյեկտներից և ոչ մեկն առ այսօր չի ստացել որևէ նյութական փոխհատուցում, ավելին, ինչպես վկայում են հենց իրենք՝ տնտեսվարողները, կիրառվել են իրենց «լռեցնելու» ամենատարբեր մեթոդներ:

3. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», ինչպես նաև «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով սահմանվում են տեխնիկական և անվտանգային կանոնների բազմաթիվ պահանջները, ներառյալ օբյեկտի, տվյալ դեպքում՝ առևտրի կենտրոնի ապահովվածությունը համապատասխան տարհանման ուղիներով, հակահրդեհային պաշտպանության միջոցներով, այդ թվում՝ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերով և հրդեհի ազդանշանման համակարգերի առկայությամբ: Բայց շատ դեպքերում և վայրերում դրանք չկան կամ չեն պահպանվում:

4. Ավելին, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի Հոդված 2-ը առհասարակ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության բնակչության որակյալ և հուսալի հրդեհային պահպանությամբ ապահովումը: Սակայն պայթյունի օջախ հանդիսացած պահեստը դեռևս անցյալ տարի էր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվել, ներկայացվել էր կարգադրագիր՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները: Եվ հիմա հարց է առաջանում՝ որքանո՞վ է ՔՏՀԱ տեսչական մարմինը հետևողական գտնվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետներում խախտումների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների և դրանց իրականացման ավարտը վերահսկելու ուղղությամբ:

5. Այսօր էլ մայրաքաղաքի շատ օբյեկտների տարրական էլեկտրատեխնիկական նորմերը չեն պահպանվում: Մեկ սովորական էլեկտրալարով ապահովվում է մոտ 30 խանութների էլեկտրական սնուցումը, բացակայում են անգամ հիգիենայի տարրական կանոնները, խնդրահարույց է համապատասխան քանակի և որակի արտաքնոցների առկայությունը նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Սակայն, քաղաքացին, տվյալ դեպքում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատողը, պարտավոր է լինել օրինապաշտ հարկատու, պարտավոր է վճարել հարկերը, խանութի վարձակալության վճարները՝ առանց ուշացման՝ փոխարենը չունենալով և այդպես էլ չստանալով կյանքի և իր գործունեության անվտանգության ոչ մի երաշխիք:

6. «Սուրմալուի» շենքը բազմամյա է: Այն հարմարեցվել և կահավորվել է նախկին պահածոների գործարանի շենքի վրա, վթարայնությունն օր-օրի ավելանում է: Եվ կարծում եմ, որ օր առաջ «Սուրմալու»-ն պետք է փակվի՝ մինչև բոլոր անհրաժեշտ նորմերը պահպանելու համար միջոցներ չձեռնարկվեն:

7. Տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածությունն ապահովելու նպատակով նման խոշոր, ընդգրկուն առևտրի կենտրոնները, պահեստները, ծառայությունների սպասարկման կենտրոնները պետք է Երևան քաղաքից դուրս բերվեն պահպանվող ընդարձակ տարածքներ: Անթույլատրելի է պայթուցիկ նյութերի կողքին խաղալիքներ կամ սնունդ պահպանելն ու վաճառելը: Սա հրդեհներից, տեխնածին աղետներից ու դրանց ծանրագույն հետևանքներից խուսափելու ուղիներից մեկն է: Այլապես, յուրաքանչյուր դժբախտությունից հետևություններ չանելով և սխալները չուղղելով՝ կունենանք նոր ողբերգական դեպքեր:

Ես ցավակցում եմ օգոստոսի 14-ին զոհվածների ընտանիքներին, անհետ կորածներին ցանկանում եմ բարի վերադարձ՝ ողջ ու առողջ, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

 

  • Կիսվել: