Ամբուլատոր բուժման արժեքը չպետք է գերազանցի մի քանի հազար դրամը. Թորոսյան
Այն հիվանդանոցները, որոնք զբաղվում են կորոնավիրուսային վարակի բուժմամբ, դա անում են պետական միջոցներով։ Այս մասին այսօր Ազատության ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ ինչ վերաբերվում է ամբուլատոր բուժմանը, դրա արժեքը չպետք է գերազանցի մի քանի հազար դրամը, եթե այն համապատասխանում է առողջապահության նախարարության ուղեցույցներին։
Ըստ նախարարի՝ կորոնավիրուսային վարակի ստացիոնար բուժման համար պետպատվեր է գործում։ Միայն մեկ-երկու հիվանդանոց է եղել, որոնց միացումը «մի քիչ սահուն չի եղել», եւ որոնք պացիենտներից վճարներ են գանձել։ Սակայն այդ վճարները, նախարարի խոսքով, կվերադարձվեն քաղաքացիներին։
Թորոսյանն ասաց. «Եթե բժիշկը տասնյակ հազարների դեղորայք է նշանակել, ապա դա չի համապատասխանում մեր չափորոշիչներին» ։
Նա նշեց նաեւ, որ ամբուլատոր բուժումը չի ենթադրում, օրինակ, թանկարժեք հակաբիոտիկների ներարկում։ Նման ներարկումների կարիք կարող են ունենալ միայն ծանր վիճակում գտնվողղ պացիենտները, սակայն վերջիններիս բուժումը պետք է կազմակերպվի ստացիոնարում՝ պետպատվերով, այլ ոչ ամբուլատոր համակարգում։


