ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամարասում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագից հետո խաղողօրհնեքի կարգ է կատարվել

Ամարասում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագից հետո խաղողօրհնեքի կարգ է կատարվել

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Ամարասի վանական համալիրում Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվել է տոնական Սուրբ և Անմահ պատարագ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքի կարգ։ Բերքի օրհնությունը խորհրդանշում է ողջ տարվա բերք ու բարիքի առատությունը։ Շրջանի համայնքները վանքի շրջակայքում պատրաստել էին տաղավարներ՝ ցուցադրելով իրենց՝ այս տարվա բերքը։ Կազմակերպվել է ներկաների  հյուրասիրություն, ինչպես նաև ցուցադրություն վաճառք։
 
Սոս համայնքի տաղավարը ներկայացնում էր Կարինա Բալայանը, ով,մեզ հետ զրույցում նշել է, որ օրվա միջոցառումը ևս մեկ հնարավորություն է վայելելու արցախյան բերքն ու բարիքը։
 
«Թող բլրին գտնվող մեր թշնամին իմանա, որ միևնույն է,մենք ամուր ենք կանգնած մեր Ամարասի հողին»,-հավելել է մեր զրուցակիցը։
 
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը խորհրդանշում է Աստվածամոր վերափոխումը երկրային կյանքից երկնայինի։
 
Փրկչի Համբարձումից տասներկու տարի անց,  Սուրբ Կույսի երկրային կյանքից երկնայինի վերափոխվելուց երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը, ով հղության ավետիսն էր տվել նրան, և  այս անգամ Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը բերեց:
 
Երբ Սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց Ձիթենյաց լեռ, ուր Աստվածամայրը սովորաբար գնում էր աղոթելու: Նա գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա գտնվող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակը առաջին անգամ  հայտնելով Վերափոխման ավետիսը: Այնուհետև մինչև Սուրբ Աստվածածնի՝ երկրային կյանքից հեռանալը, Գաբրիել հրեշտակապետը Աստծու մոտ փոխվելու մասին Նրան ավետեց ևս երկու անգամ. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»։
3.jpg (1.90 MB)

  • Կիսվել: