կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը

Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ:

Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը:  Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.

Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր

ազգային և այլ  պարերի կատարում, 

հայկական և համաշխարհային երգերի կատարում աշակերտների կողմից (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):

Գրականություն

Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաև տարվա հոբելյաններին,  օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը):

Բեմականացումներ

Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառանգության հետ: 

Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ

Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:

Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով  մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում:

Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ,  պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը՝

միջոցառման ծրագիրը (սցենար),

10 լուսանկար միջոցառումից,

միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ):

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։

Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը կուսումնասիրի ներկայացված նյութը և կգնահատի այն՝ նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով ​​հետևյալ չափանիշներով՝

ծրագրի բովանդակություն,

լեզվական բաղադրիչ,

երաժշտական ​​ բաղադրիչ,

միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:

Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական, միջնակարգ կամ ավագ: ԿԳՄՍ նախարարությունը մինչև հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատություններին կտեղեկացնի արդյունքների մասին:

  • Կիսվել: