ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աղջկան բռնության ենթարկելու վիդեոն հրապարակողը հետախուզման մեջ է, պատվիրողն ու մայրը՝ կալանավորված․ «Հրապարակ»

Աղջկան բռնության ենթարկելու վիդեոն հրապարակողը հետախուզման մեջ է, պատվիրողն ու մայրը՝ կալանավորված․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  7 ամիս առաջ Գավառում անչափահասին բռնության ենթարկելու դեպքը ցնցեց հանրությանը․ համացանցում տարածված տեսանյութից երևում է, թե ինչպես է մայրն իր մանկահասակ դստերը խոշտանգում:

Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում և նվաստացնում դստերն իր մյուս երեխաների աչքի առջև, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգմանը։
Գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ըստ քննչական կոմիտեի՝ այս վարույթով երեք մեղադրյալ կա․ երկուսը կալանավորված են, մեկը հետախուզման մեջ է․ «Պատվիրողը՝ անազատության մեջ է, հրապարակողը՝ հետախուզման»։
Իսկ թե ո՞վ է հրապարակողը, ՔԿ-ից փոխանցեցին, թե անուններ չեն հրապարակում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է. նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է և գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անչափահասին առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը):

Մեղադրանք է առաջադրվել նաև 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, և որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: