Աղազարյանը լրագրողների հարցին պատասխանել է Ալլա Պուգաչովայի հիթերից մեկը կատարելով
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ սկսեց երգել:
Լրագրողները նրան հիշեցրին, որ եթե ինքն ավտորիտարիզմի դեմ պայքարող էր, պետք է պայքարեր այն ժամանակ, երբ լրագրողների առաջ միջանցքներ էին փակվում, որ ՔՊ-ական պատգամավորներին հասանելիություն չունենային և անհարմար հարցեր չտային:
«Այդ ժամանակ պետք է վեր կենայիք և քննադատեիք այս իշխանության ոչ ժողովրդավար մոտեցումները»,-ասաց լրագրողներից մեկը, ինչին Հովիկ Աղազարյանն արձագանքեց Ալլա Պուգաչովայի հայտնի «Жизнь невозможно повернуть назад» երգը:
Լրագրողները նրան հիշեցրին, որ սա ԱԼՄ-ն չէ:
«Ես լինելով ՔՊ խմբակցության անդամ, լինելով իշխող ուժի անդամ, ավելի շատ բան եմ արել ձեր շահերը պաշտպանելու իմաստով, հասարակ քաղաքացու շահերը պաշտպանելու իմաստով, պետությանը օգտակար լինելու իմաստով, քան երկու ընդդիմադիր խմբակցությունները և մեր խմբակցության պատգամավորների կեսը միասին վերցրած»,-ասաց նա: