9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. Անդրեասյան
Կամավոր ատեստավորման արդյունքները ամբողջությամբ ամփոփված են. 9602 ուսուցիչ, որը մեր ուսուցչական կազմի շուրջ 31 տոկոսն է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ մեր ամեն երրորդ ուսուցիչը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն:
«Սա իսկապես լավ դինամիկա ու առաջընթաց է: Մենք ոչ միայն կամավոր ատեստավորման ուղղությամբ ենք այս տեմպը տեսնում, օրինակ՝ տարակարգին դիմելու և տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է: Այս քաղաքականությունները ունեն կոնկրետ արդյունք: Նախորդ տարի մեր դպրոցներ մտել են շուրջ 4000 նոր ուսուցիչներ, նրանց 80 տոկոսը մինչև 45 տարեկան մարդիկ են: Մարդիկ են, ովքեր ընտրել են մանկավարժությունը, ուսուցչի մասնագիտությունը, որովհետև տեսնում են Կառավարության քաղաքականությունը, տեսնում են, որ դրա շնորհիվ ուսուցիչը մասնագիտական զարգացման համապատասխան խողովակներով արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի»,-ասաց Անդրեասյանը:


