92 հոգու արդեն մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով. ՀՀ փոխոստիկանապետ
Ոստիկաններն իրենց քանակական ուժերի սահմաններում իրականացնում են ծառայություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ներկայացնելով քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշումը:
Հարցին, թե այս պահի դրությամբ կոնկրետ քանի մարդ չի ենթարկվել ոստիկանության պահանջներին, փոխոստիկանապետն ասաց, որ նրանց թիվը հասնում է 92-ի։
«92 հոգու արդեն մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով, երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ էլ միջոց ենք կիրառել, իսկ 16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը»,- նշեց նա։
Նա նաև մինչև 16։00-ն հրահանգ է իջեցվել բացատրական աշխատանքների միջոցով լուծել խնդիրը, երբ քաղաքացին չունի ձևաթուղթ, սակայն 16։00-ից հետո Ոստիկանությունը կանցնի օրենքով նախատեսված գործողությունների։
Ասուլիսի ժամանակ օնլայն հարցեր հնչեցին, որոնցից մեկը վերաբերում էր նրան, թե առավոտյան մարզերից դեպի Երևան ճանապարհներին հսկող ոստիկաններ չկային, այդ դեպքում ինչպե՞ս են վերահսկվում մարդկանց տեղաշարժը, Հ.Մհրյանն ասաց. «Ոստիկաններն իրենց քանական ուժերի սահմաններում Հայաստանի ողջ տարածքում իրականացնում են ծառայություն, փորձում են որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան ապահովել որոշումների պահանջները»։
Հարցին՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում թերթիկում նշված վերադարձի ժամից ուշ վերադառնալու համար, Հայկ Մհրյանն ասաց, թե պատասխանատվությունն ամրագրված է օրենսդրությամբ:
Պատասխանելով հարցին, թե թերթիկներ ունեցող մարդիկ դուրս են գալիս, բայց որևէ մեկը նրանց չի մոտենում և դա նայելու պահանջ չի ներկայացնում, Հայկ Մհրյանը նշեց, որ ոստիկանները շրջում են քաղաքում, եթե այդ պահին չեն մոտեցել՝ դա դեռ չի նշանակում, որ օրվա ընթացքում չեն հանդիպի։
Փոխոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ լրատվամիջոցների ներկայցուցիչները կարող են միայն իրենց բեյջերով տանից դուրս գալ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


