ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
851 մլն ՀՀ դրամ է հատկացվել բժշկական կենտրոնների կառուցման և վերակառուցման համար

851 մլն ՀՀ դրամ է հատկացվել բժշկական կենտրոնների կառուցման և վերակառուցման համար

Կառավարությունը որոշում է ընդունել 2022թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերում վերաբաշխում կատարելու և Առողջապահության նախարարությանը 851 մլն ՀՀ դրամ գումար հատկացնելու վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ հատկացվող գումարն ուղղվելու է հինգ բժշկական կենտրոնների կառուցմանը/վերակառուցմանը և մեկ բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը: Մասնավորապես, կապիտալ հիմնանորոգվելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» (163 մահճակալ), Արմավիրի մարզի Վաղարշապատի (90 մահճակալ) և Արագածոտնի մարզի Աշտարակի (32 մահճակալ) բժշկական կենտրոնները, Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլիիկական մասնաշենքը, իսկ Լոռու մարզի Տաշիրի և Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոնների համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքեր՝ համապատասխանաբար 30 և 25 մահճակալային ֆոնդով: Նաև կազմվելու է Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը: Բոլոր բժշկական կենտրոնները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով և գույքով՝ մարզերի համաչափ զարգացման սկզբունքի շրջանակում հասանելի և որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով: Որոշման ընդունմամբ կառուցման և վերակառուցման ենթակա բժշկական կազմակերպությունների թիվը կդառնա 13, որից 2-ը՝ հանրապետական նշանակության, 11-ը՝ մարզային: Նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն ևս վեց բժշկական կազմակերպության նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց մի մասի շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի, և շինարարական այս տեմպը պահպանելու դեպքում Կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 բժշկական կենտրոնի ամբողջական վերակառուցման, վերազինման խոստումը կիրականացվի: Ա. Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ ոլորտում առաջիկայում կապիտալ ծախսերի ուղղվածության որոշակի փոփոխություն է լինելու՝ ուշադրությունը կենտրոնանալու է առողջության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շենքային պայմանների բարելավմանը:

Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ Կառավարությունը, առողջապահական համակարգի զարգացման շրջանակում, հանձն է առել կարգավորել բժշկական կենտրոնների կառուցման/վերակառուցման, ֆիզիկական պայմանների բարելավման և ամբողջությամբ նոր, ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: «Այս պահին ևս ունենք մի շարք բժշկական կենտրոններ, որոնք գտնվում են շինարարական փուլում. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Մասիս և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Վերակառուցման է ենթարկվում հանրապետական նշանակության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը»: Սույն որոշմամբ փաստացի սկիզբ ենք դնում 2 բժշկական կենտրոնների նոր համալիրների ամբողջությամբ նոր կառուցման և 4 բժշկական կազմակերպությունների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներին, և փաստացի կունենանք 13 բժշկական կազմակերպություն, որոնք կլինեն միաժամանակ կառուցման և վերակառուցման փուլում: Ինչպես նշվեց, նախագծերում նաև ներառված է ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: Բացի այս ծրագրից, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է Կառավարության կողմից, ունենք նաև այլ ծրագիր, որը թիրախավորում է համայնքային ենթակայության տակ գտնվող ամբուլատորիաները, և սուբվենցիաների հայտերի միջոցով փորձում ենք այդ հարցը լուծել», – նշել է փոխվարչապետը:

 

Գործադիրը ևս մի քանի որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Մասնավորապես՝

– Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ճանապարհների վերականգնման աշխատանքների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 597,431.6 հազ. ՀՀ դրամ գումար է հատկացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

– 6 մլն դրամ է հատկացվել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 10 շահառուի՝ 2022թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների պատվովճարը վճարելու նպատակով:

– «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման մասով նախատեսված 118,163.2 հազ. ՀՀ դրամ գումարից 48,800.0 ՀՀ դրամ գումարը հատկացվել է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքների համար գույքագրման փաստաղթերի մշակման և ձեռքբերման աշխատանքներին։

  • Կիսվել: