երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
35-ամյա կինը պայքարել է կորոնավիրուսի դեմ՝ ռեկորդային 130 օրվա ընթացքում

35-ամյա կինը պայքարել է կորոնավիրուսի դեմ՝ ռեկորդային 130 օրվա ընթացքում

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ֆաթիմա Բրիդլը (Fatima Bridle) կորոնավիրուսի դեմ պայքարել է ռեկորդային 130 օր: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին։

Ամբողջ ընթացքում նա եղել է հիվանդանոցում։ Նշվում է, որ 105 օր Ֆաթիման միացված է եղել արհեստական շնչառության ապարատին։

Բրիդլը կորոնավիրուսով վարակվել է Մարոկկո կատարած այցի ժամանակ։ Մարտի սկզբին 35-ամյա կինը վերադարձել է Բրիտանիա, և նրա մոտ առաջին ախտանշաններն են ի հայտ եկել։ Մի քանի օր անց կորոնավիրուսի թեստ է հանձնել և ստացել է  դրական պատասխան։

Ավելի ուշ բրիտանուհու վիճակը վատացել է, և նա չի կարողացել ինքնուրույն շնչել։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Բրիդլը կոմայի մեջ է ընկել և 40 օր գիտակցության չի եկել։ Կորոնավիրուսի ֆոնին կնոջ մոտ սկսել են զարգանալ թոքաբորբը և սեպսիսը։ Բժիշկներին հաջողվել է նրա թոքերը վերականգնել 40 տոկոսով։

Ֆաթիման հիմա պետք է ապրի մեկ աշխատող թոքով։ Ներկայումս նա մկանների թուլության պատճառով ինքնուրույն չի կարողանում քայլել, օգտագործում է քայլակ, բայց հուսով է, որ վարժությունները կօգնեն վերականգնել մկանները:

  • Կիսվել: