30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան՝ հիմա. Արայիկ Հարությունյան
«Մտեք իմ ֆեյսբուքյան էջի քոմենթները նայեք, տեսեք, թե ինչքան ուսուցիչ է այնտեղ քոմենթում ու որևէ բան չի եղել»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, երբ վերջինս ասաց, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա, ուսուցիչները բողոքում են, սակայն չեն ուզում, որ իրենց անունները բարձրաձայնվեն:
«Եթե որևէ մեկը ձեզ ասել է, որ իր բարեկամի ելույթի համար հեռացվել է խորհրդից, նա ստում է: Դուք պետք է ասեք, թե դա ում պնդումն է ու նա պատասխանատվության կենթարկվի, քանի որ մինչև հիմա նման բան չի եղել».- հավելեց նախարարը:
Արայիկ Հարությունյանը դիմելով Գորգիսյանին՝ ասաց, որ նրա գործընկեր Հարություն Բաբայանը շատ լավ ճանաչելով նախարարին հայտարարել է, թե դպրոցներում ստեղծվել է մի միջավայր, որտեղ ուսուցիչները վախի մթնոլորտում են։ «Լո՞ւրջ եք ասում, հա՞։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան՝ հիմա»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը, որը վերաբերում է Հարությունյանին անվստահություն հայտնելուն:


