հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
3.2 տրիլիոն դրամի խաղադրույքներ, բացատրություն եւ մի քանի փաստ. Բաբկեն Թունյան

3.2 տրիլիոն դրամի խաղադրույքներ, բացատրություն եւ մի քանի փաստ. Բաբկեն Թունյան

3.2 տրիլիոն դրամի խաղադրույքներ. Բացատրություն եւ մի քանի փաստ: Նման վերտառությամբ գրառումէ  արել իր ֆեյսբուքյան էջում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

՛՛Երեկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարվեց, որ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գործող խաղային ոլորտի ընկերությունների միջոցով կատարվել է շուրջ 3.2 տրիլիոն դրամի (մոտ 6.6 միլիարդ դոլարի) խաղադրույք։

Մինչեւ առաջ անցնելը նշեմ, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խաղային ոլորտի գովազդը խիստ սահմանափակելու մասին նախագիծը։

3.2 տրիլիոն դրամ։ Այս թիվն այնքան շոկային է, որ երեկվանից շատերը արդարացի մտահոգությամբ քննարկում են այն, իսկ որոշ մարդիկ անգամ կասկած են հայտնում, որ այն ճիշտ է։

Այժմ մի քանի լրացուցիչ փաստ, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։

 Այո, վրիպակ չկա։ Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք կազմվել են հենց ոլորտում գործող ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, 2021 թվականի առաջին 11 ամիսներին խաղացողների կողմից գնված միավորների կամ կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 3.2 տրիլիոն դրամ։ Ավելի կոնկրետ՝ 3 տրիլիոն 171.7 մլրդ դրամ։ Եվ սա՝ դեկտեմբերը չհաշված։

 Այո, Հայաստանի բնակիչները ֆիզիկապես այդքան գումար չէին կարող խաղադրույք կատարել՝ իրենց միջոցների հաշվին։ Բանն այն է, որ այս հաշվարկի մեջ մտնում է նաեւ շահած գումարով վերստին կատարված խաղադրույքների գումարը։ Օրինակ, մեկը իր գրպանի գումարով լիցքավորել է խաղային հաշիվը 5 հազար դրամով եւ կատարել խաղադրույք։ Շահել է 10 հազար դրամ (այսինքն՝ 5 հազար դրամը դարձել է 15 հազար դրամ) եւ այդ 15 հազար դրամով կրկին խաղադրույք կատարել։ Ընդհանուր խաղադրույքների վիճակագրության մեջ հաշվառվում է թե՜ 5 հազար դրամը ,թե 15 հազարը (գումարային՝ 20 հազար դրամ)։

 Սա նշանակում է, որ խաղացողներն իրենց գրպանից (կանխիկ կամ անկանխիկ) խաղադրույքների վրա ծախսել են ոչ թե 3.2 տրիլիոն դրամ, այլ շատ ավելի քիչ։ Ճշգրիտ թիվը ձեռքիս տակ չկա։ Սակայն հստակ կարող ենք ասել, որ խաղային ոլորտում ՊՏՏՎԵԼ է 3.17 տրիլիոն դրամ։ Կատարվել է այդքան խաղադրույք՝ մի մասը մարդկանց սկզբնական ունեցած գումարների հաշվին, մյուս մասը՝ շահած գումարների հաշվին։

 Պատկերն ավելի պարզ դարձնելու համար անհրաժեշտ է նաեւ շահած գումարների թիվը։ Այսպես, 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին վճարված շահումների ընդհանուր գումարը կազմում է 3 տրիլիոն 106.9 միլիարդ դրամ։ Շահումները նույնպես հաշվարկված են կատարված խաղադրույքների տրամաբանությամբ (այսինքն՝ շահած գումարը եւ դրանով կրկին կատարված խաղադրույքով շահած գումարը գումարվում են)։

 Որքան են պարտվել։ Սա թերեւս ամենակարեւոր ցուցանիշն է։ Այն կարող ենք ստանալ՝ խաղադրույքների ընդհանուր գումարից հանելով շահումների ընդհանուր գումարը։ 2021 թվականի առաջին 11 ամիսներին այդ գումարը (պարտված գումարը) կազմում է 64.8 միլիարդ դրամ (մոտ 135 մլն դոլար)։ Այդ գումարի մի մասը ընկերությունները ծախսել են աշխատակազմի վարձատրության եւ այլ ուղղություններով, մի մասը գնացել է գովազդին, մի մասն էլ բաշխվել է որպես շահույթ։

 Ըստ վիճակագրության՝ կատարված խաղադրույքների 98%-ը որպես շահույթ ետ է գնացել խաղացողներին։ Թվում է՝ մեծ ողբերգություն չէ՝ որքան պարտվում են մոտավորապես այդքան էլ շահում են։ Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես։ Այն պարզ պատճառով, որ շահողները պարտվողներից շատ են։

Ըստ վիճակագրության՝ շահողների թիվը 2,2 անգամ պակաս է մասնակիցների թվից։ Սա նշանակում է, որ տեղի է ունենում եկամուտների անառողջ վերաբաշխում։ Գումարը կենտրոնանում է ավելի փոքր խմբի ձեռքում։ Այլ կերպ ասած՝ եթե մինչեւ խաղալը 10 հոգի ունեին 1000-ական դրամ, խաղային «գործընթացից» հետո 5 հոգի մնում են առանց փողի, իսկ մյուս 5 հոգին ունենում են միջինում 1960 ական դրամ (պակասող 40 դրամները խաղացնողի փայն է)։ Սա բերում է եկամուտների է՜լ ավելի բեւեռացման եւ աղքատության խորացման։ Էլ չասեմ, որ դեռ չենք խոսում կեղծ շահումների ռիսկի մասին։

Եվս մի քանի տվյալ։

 Թեպետ ճշգրիտ վիճակագրություն չունենք, սակայն կարող ենք վստահ պնդել, որ խաղադրույքների առյուծի բաժինը Հայաստանից է։ Այսինքն՝ խաղացողների մեծ մասը մեր հայրենակիցներն են։

 Խաղադրույքների մոտ 90%-ը կատարվում են առցանց (օնլայն)։

 Խաղադրույքների թե՜ ծավալի թե՜ մասնակիցների թվի աճը խիստ մտահոգիչ է։

Օրինակ՝ 2020 թվականի ամբողջ տարվա համեմատ 2021 թվականի 11 ամիսներին կատարված խաղադրույքների ծավալն աճել է 1.6 անգամ, իսկ մասնակիցների թիվը քառապատկվել է։ Այսինքն՝ ոչ միայն խաղացողներն սկսել են ավելի հաճախ խաղալ, այլեւ շեշտակի ավելացել է նոր խաղացողների թիվը։

Ու հատկապես հենց այս վերջին կետն է այն հիմնական պատճառներից մեկը, որով մտցվում են խաղային ոլորտի գովազդի սահմանափակումներ։

Գովազդի սահմանափակումը, բնականաբար, չի նվազեցնելու արդեն իսկ խաղացող մարդկանց թիվը կամ նրանց կողմից կատարվող խաղադրույքները, սակայն նվազեցնելու է նոր խաղացողների ներգրավման հավանականությունը։

Իհարկե, գովազդը միակ հակաքայլը չէ։ Մշակվում են նաեւ այլ միջոցառումներ խաղամոլության ծավալների կրճատման նպատակով, որոնք պատշաճ կներկայացվեն ձեզ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: