երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024 թվականից Հայաստանում կներդրվի անձնական օգնականի ծառայությունը. Բաթոյան

2024 թվականից Հայաստանում կներդրվի անձնական օգնականի ծառայությունը. Բաթոյան

Հանդիպել եմ «Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության ջատագովություն» ծրագրի և Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպության մասնակիցների և ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Սոցցանցի իր էջում, նա, մասնավորապես, նշել է. «Ծրագրի շրջանակում նոյեմբերի 21-23-ը Հայաստանում տեղի են ունեցել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ 6 մարզերի 24 հաշմանդամություն ունեցող անձանց և մարզային իշխանությունների ներկայացուցիչների համար՝ նվիրված անկախ կյանքի և անձնական օգնականի ծառայություններին։

Միջազգային փորձագետները հայաստանյան գործընկերների հետ իրենց փորձն են կիսել, քննարկել անկախ կյանքի փիլիսոփայությունը և սկզբունքները։

2024 թվականից Հայաստանում կներդրվի անձնական օգնականի ծառայությունը, սակայն շարունակում է լուրջ խնդիր մնալ անկախ կյանքի ծառայության հարցը։ Քանի որ այս երկուսը միմյանց հետ սերտորեն կապված են, հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող կազակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնել վերջինիս ուղղությամբ քայլերի բացակայության առիթով։

Իրավապաշտպաններին տեղեկացրել եմ, որ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իմ առաջարկներում ներառել եմ անկախ կյանքի ծառայությունները մրցութային կարգով ՀԿ ոլորտին պատվիրակելու հարցը, որն առաջիկայում կքննարկվի նաև ԱԺ լիագումար նիստում»։

  • Կիսվել: