հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
2020-ի կարևոր ձեռքբերումներից է ՀՀ բոլոր մարզերում ընտանեկան բռնության աջակցության կենտրոնների գործարկումը. նախարարի տեղակալ

2020-ի կարևոր ձեռքբերումներից է ՀՀ բոլոր մարզերում ընտանեկան բռնության աջակցության կենտրոնների գործարկումը. նախարարի տեղակալ

«2020 թվականի կարևոր ձեռքբերումներից է հանրապետության բոլոր մարզերում ընտանեկան բռնության աջակցության կենտրոնների գործարկումը, որի արդյունքում սոցիալ-հոգեբանական, իրավաբանական ծառայություններ են մատուցել շուրջ 1,100 անձի։ Այս ընթացքում պետության համաֆինանսավորմամբ սկսել է գործել նաև 2 ապաստարան, գործարկվել է ընտանեկան բռնության զոհերին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագիրը»,- «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» առցանց քննարկման ընթացքում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
 
 Ընդգծելով Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հետ համագործակցության շրջանակում ձևավորված փոխվստահությունը՝ նախարարի առաջին տեղակալը կարևորել է ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված համատեղ իրականացվող աշխատանքները։
 
 Ըստ այդմ՝ առաջիկայում ԵԽ Երևանյան գրասենյակի աջակցությամբ վերապատրաստումներ կիրականացվի նախարարության սոցիալական աշխատողների համար։ Ավարտին կհասցվի ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հանրային իրազեկման քարոզարշավը․ միջգերատեսչական և հանրային քննարկմանը կներկայացվի Ընտանիքում բռնության դեմ պայքարի կազմակերպման 2021-2023 թթ միջոցառումների ծրագիրը:
 
 Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև 2020 թ․ պատերազմի ընթացքում տուժած, խոցելի խմբերի կանանց խնդիրներին՝ կարևորելով վերջիններիս տնտեսական հզորացման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը։
 
Վերահաստատվել է ամուր և սերտ գործընկերային փոխհարաբերությունների պահպանումը։

  • Կիսվել: