1-ամյա երեխան շարունակ բռնության է ենթարկվել, արդյոք սոցաշխատողների թերացումը չկա այստեղ. Հարց՝ Արսեն Թորոսյանին
Մեր նախարարությունը չի պատասխանատու տեղում երեխաների նկատմամբ այդ մոնիտորինգի ֆունկցիայով, դա համայնքային ֆունկցիա է և համայնքում աշխատող խնամատարության, խնամակալության և հոգաբարձության մարմինն է դրա պատասխանատուն։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով 1 տարեկան երեխայի նկատմամբ խորթ մոր կողմից կիրառված բռնության դեպքին։
«Մենք մեր միասնական սոցիալական ծառայությունով համագործակցում ենք այդ մարմնի հետ և ունենք խորհրդակցական ձայնի իրավունք։ Մենք մշտապես կապի մեջ ենք լինում նրանց հետ, եթե կարիք կա մեր միջամտության, այդ թվում երեխաների մեր ճգնաժամային կենտրոններ տեղավորելու, բայց սա չի նշանակում, որ ես պատասխանատվությունը դնում եմ այլ մարմնի վրա։ Ես ուզում եմ ասել, եկեք առնվազն գոնե հարցերը տալուց ճշգրիտ դրանք ուղղենք։
Հնարավոր է, որ ընտանիքում լինի դեպք, որի մասին ոչ մեկ չի իմանա՝ կախված երեխայի տարիքից։ Իդեպ, այստեղ պետք է ներգրավված լինեն բոլորը, եթե նման կասկած կա, այդ հաղորդումը պիտի տրվի և կրթական հաստատությունից, և առողջապահական հաստատությունից, և մնացած բոլոր այն պետական հաստատություններից, որոնց հետ հնարավոր է լինի շփում երեխայի կամ մոր հետ։ Ամեն կոնկրետ դեպք պետք է նայել իր կոնկրետության մեջ»,–ասաց նա։
Նախարարը նշեց, որ անապահով ընտանիքները գնահատվում են տարեկան մեկ անգամ, և եթե լինում է այդ գնահատման ընթացքում որևէ ահազանգ, իրենք դրան արձագանքում են. «Ավելին, սովորաբար մենք ենք դրդում տարբեր այլ կառույցները, որպեսզի երեխաների հարցերով զբաղվեն։ Ես ինքս ամեն օր գրեթե մի քանի նման դեպքով զբաղվում եմ և պետք չի նաև այդ դժբախտությունը ուռճացնել և սարքել, որ ամբողջությամբ այդպիսի վիճակ է հանրապետությունում։
Դժբախտաբար կան նման դեպքեր, դժբախտաբար, մենք ճգնաժամային կենտրոններում ունենք դեռ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ։ Օրինակ, եղել են դեպքեր, որ մենք նախապես իմացել ենք, որ ընտանիքում կարող է նման իրավիճակ լինել և վերցրել ենք ընտանիքից՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումով և պահում ենք մեր կենտրոններում։ Բայց նաև լինում են դեպքեր, որոնք գնահատվում են ոչ այդքան սուր և չեն վերցվում երեխաները, լինում են դեպքեր, որ վերցնելուց հետո նաև վերամիավորման վերաբերյալ որոշումներ ենք կայացնում։ Սա ամենօրյա աշխատանք է պահանջում և արվում են այդ աշխատանքները»,– ընդգծեց Թորոսյանը։
Նախարարը նկատեց, որ ընդհանրապես իրենց հիմնական խնդիրը միշտ պետք է լինի երեխային պահել ընտանիքում, եթե իհարկե այդ սահմանները չեն հատվել երեխայի լավագույն շահի տեսանկյունից։
«Կան հարյուրավոր երեխաներ, որոնք ապրում է մեր ճգնաժամային կենտրոններում, մոտ 150 երեխա, որոնք էդ նույն պայմաններում վերցվել են ընտանիքներից, հետո վերամիավորվել են, ու դուք դրանց մասին ընդհանրապես տեղյակ չեք, որովհետև էդ համակարգը աշխատում է։ Ու շատ լավ է, որ տեղյակ չեք, որովհետև էդ երեխաները հանրային ճնշման տակ չեն՝ վաղը իրենց կյանքը դասավորելու տեսանկյունից։ Չի կարելի մի դժբախտ դեպքը պրոյեկտել ամբողջ համակարգի վրա։
Ես հիմա ինքս իմ մտքում արդեն մի հինգ-վեց դեպք ունեմ, որ վերջին մի քանի շաբաթում եմ ես զբաղվել, և որոշում է կայացվել տեղափոխել, որոշում է կայացվել վերամիավորել, ու այդ պրոցեսը մշտական պրոցես է»,–ասաց նա։


