Ընտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում կիրականացվի Հայաստանում
Ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու համար ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումներին անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ և ծրագրային համակարգ, որոնց շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը հնարավորություն կընձեռվի՝ առցանց համակարգով (GPS տեղորոշում) անմիջապես տեղեկանալու ընտանեկան բռնության դեպքերով արձանագրված խախտումների մասին և անհապաղ արձագանքելու դրանց:
Այդ նպատակով գործադիրի որոշմամբ առաջարկվում է տրամադրել 304 668,0 հազար դրամ՝ թվով 120 հատ ձեռնաշղթաների հավաքածու (էլեկտրոնային հսկողության միջոցներ) գնման առարկայի ձեռքբերման նպատակով:
Արդյունքում հնարավորություն կընձեռվի՝ առավել համապարփակ ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելումը և դրա դեմ պայքարը, առավել արդյունավետ լուծելու բռնություն գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները:
Արդյունքում՝ հնարավոր կլինի բարձրացնել քաղաքացիների անվտանգությունը, վերահսկել ընտանեկան բռնություն գործադրած անձանց և պաշտպանել բռնության ենթարկվածներին։



