հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վերաքննիչ դատարանը մերժել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին

Վերաքննիչ դատարանը մերժել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը վերջինիս խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով: Ասել է թե՝ Ստեփան Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Ավելին, 2 ամիս անց Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության կողմից կալանավորված բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ցուցմունք չեն տալիս, նրանք օգտվում են իրենց իրավունքից եւ կարող են ցուցմունք տալ կամ չտալ. վերջիններս նախընտրել են առայժմ ցուցմունք չտալ:

Ինչպես հայտնի է` 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կալանավորվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ իրավապահների` Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք:

Աղվան Հովսեփյանը մինչ օրս ցուցմունք չի տալիս:

Նույն ամսվա մեջ սեպտեմբերի 30-ին դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՊՆ-ին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն:

Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, եւս ցուցմունք չեն տալիս: Տոնոյանն ու «Պատրոն Դավո»-ն անցնում են ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:

Ազգային անվտանգության ծառայությունն հայտնել է, որ նա, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` առանց անունների:

Ավելի ուշ կալանավորվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, որը եւս ցուցմունք չի տալիս
Ստացվում է՝ 2 ամսվա մեջ կալանավորվում են 4 հայտնի նախկին պաշտոնյաներ, որոնց իրավապահները պահում են մեկ տանիքի տակ՝ ԿԳԲ-ի պադվալում, եւ վերջիններս այս պահին որոշել են լռել:

  • Կիսվել: