Վենետիկի հանձնաժողովը ՍԴ կոնցեպտի մասով համաձայն է մեզ հետ․ Բադասյան
ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։
Նա նշեց, թե ինչ դետալներ է ֆիքսել հանձնաժողովն ու արձանագրեց, որ հանձնաժողովը համաձայն է իրենց հետ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը 12 տարվա ժամկետով սահմանափակելու հարցում, սակայն առաջարկել է, որպեսզի լիազորությունների դադարեցման համար սահմանվի որոշակի անցումային շրջան:
«Հանձնաժողովն առաջարկել է այդ անցումային շրջանը որոշել այդ դատավորների՝ նախորդ Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման ժամկետների հարաբերակցությամբ: Սակայն, այդ առաջարկը խնդիր կարող է առաջացնել և ենթակա է քննարկման: Կարող է լինել իրավիճակ, որ այն դատավորները, որոնց լիազորությունները ենթակա կլինեն դադարեցման, անցումային շրջան սահմանելու դեպքում ավելի երկար պաշտոնավարեն, քան այն դատավորները, որոնք սահմանափակված են լինելու 12 տարի ժամկետով»,- ասաց նա։
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հանրաքվեի գործընթացը նախաձեռնելուց հետո կապի մեջ են եղել ԵԽ-ի, Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ՝ գործողությունների հետագա ծրագիրը քննարկելու համար:
«Դիմել էինք Վենետիկի հանձնաժողով՝ առաջադրելով իրավական երեք հարց, որոնք վերաբերում են՝ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, ՍԴ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։ Այսպիսով, Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակը: Նշվել է նաև, որ դատավորների անփոփոխելիության սկզբունքը ԵԽ տարածքում չափազանց կարևոր երաշխիք է և խորհուրդ է տալիս ցանկացած փոփոխություն կատարել զգուշավորությամբ»,- ասաց Բադասյանը:
Առաջարկված փոփոխություններով նախատեսվում է գործող դատավորների պաշտոնավարումը սահմանել՝ նրանց ցմահ մանդատը փոխարինելով կենսաթոշակային տարիքի ժամկետով: 12 տարով սահմանափոկումը համարվել է ընդունելի: ՍԴ նոր մոդելը կյանքի կոչելու պատշաճ տարբերակը գործող դատավորների պաշտոնավարման ժամկետի պահպանումն ու նոր ժամկետների աստիճանական ներդրումն է: Նախարարն իրավիճակի հնարավոր լուծում է համարում 213-րդ հոդվածի փոփոխությունը և ՍԴ -ի թարմացումը՝ նախատեսելով անցումային ժամանակահատված:
Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է նաև ՍԴ նախագահի պաշտոնավարման հարցին՝ շեշտելով որ այս դեպքում երաշխիքներն ավելի մեղմ են, քանի որ խոսք է գնում ՍԴ նախագահի պաշտոնավարման դադարեցման մասին:
ՍԴ նախագահի նշանակման գործընթացի վերաբերյալ հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների փաստարկը՝ շեշտելով, որ ՍԴ նախագահն ընտրվել է նախորդ նախագահի պաշտոնավարումից ընդամենը մի քանի օր առաջ: Հանձնաժողովը նաև ընդունել է, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական իրականացման միջև ընկած ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է: Ըստ հանձնաժողովի կարծիքի՝ այն հանգեցնում է 2015 թվականի փոփոխությունների իրագործման խափանմանը:
Բադասյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքը և այսօր քննարկվող նախագիծն ամբողջությամբ համահունչ են: Ընդգծեց՝ հիմնական կետերի, կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն որդեգրված սկզբունքի և 2015 թվականի ՍԴ մոդելը կյանքի կոչելու իշխանության տարբերակի միջև: