Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, անդրադարձավ հարցին՝ արդյոք ՔԿՀ-ներում մահվան դեպքերն առնչություն ունե՞ն քրեակատարողական հիմնարկներում առկա վատ պայմանների հետ։
«Կարծում եմ, որ ոչ»,- ասաց նախարարը՝ նշելով՝ մահերի մի մասը պայմանավորված է ինքնասպանություններով, մյուս մասը՝ կոնկրետ անձանց առողջական խնդիրներով։
«Այսինքն՝ նրանք ունեն որոշակի առողջական խնդիրներ, որոնց հետ կապված՝ անձանց կյանքը չի հաջողվում փրկել։ Ընդ որում՝ հաճախ գործ ենք ունենում համակցված հիվանդությունների հետ, և դրանք չեն որակվում որպես կալանքի հետ անհամատեղելի»,- նշեց Գալյանը։
Նրա խոսքով՝ այս խնդիրը լուծելու համար բավական մեծ աշխատանք է արվել առողջապահության նախարարության հետ, որպեսզի վերաձևակերպվի Կառավարության 825-Ն որոշումը։
Ինչ վերաբերում է նրան, թե քանի մարդ է մահացել ՔԿՀ-ներում, հայտնեց՝ այս տարի երեք մահ ունենք։
«Երեքը դրական ցուցանիշ է՝ նախորդ բոլոր տարիների հետ համեմատած, բայց ես միշտ վախով եմ խոսում այս մասին, չեմ ուզում ասել՝ լավ է և այլն, որովհետև շատ դժվար է իրականում։ Բայց ինքնասպանությունների հետ կապված՝ «Արմավիրում» երկու խուց ենք առանձնացրել այս պահին, որոնք նախատեսված են ինքնավնասման հակում ունեցող անձանց համար»,- տեղեկացրեց նա։
Գալյանը նաև հայտնեց՝ այդ անձանց խցերը պետք է զինեն տեսախցիկներով։



