ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալը պահանջում է իր պաշտպանին՝ կալանավորված Ալեքսանդր Կոչուբաևին, ներկայացնել դատարան

«Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալը պահանջում է իր պաշտպանին՝ կալանավորված Ալեքսանդր Կոչուբաևին, ներկայացնել դատարան

Այսօր «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը դատական նիստի ժամանակ պահանջեց, որ դատարան ներկայացվի իր պաշտպան, անազատության մեջ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նշեց, որ ինքն իր շահերի պաշտպանությունը վստահել է Ալեքսանդր Կոչուբաևին ու նրան է պահանջում՝ հրաժարվելով հանրային պաշտպանից:

Գործով այլ մեղադրյալի շահերը պաշտպանող փաստաբան Ռուբեն Մելիքյանը կարծիք հայտնեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով առկա չէ որևէ խոչընդոտ, որպեսզի կալանքի տակ գտնվող Կոչուբաևին բերեն դատարան այնպես, ինչպես այս գործով մյուս կալանավորված անձանց են բերում:

Իր հերթին պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանն էլ ընդգծեց, որ մեղադրյալի բացառիկ իրավունքն է իր ընտրած պաշտպանի միջոցով իրականացնելու իր պաշտպանությունը:

Հանրային մեղադրողներն ասացին, որ չեն պատկերացնում, թե ինչ ընթացակարգով պետք է պաշտպանական կողմի պահանջը կատարվի, ուստի օբյեկտիվորեն անհնար կլինի Կոչուբաևի ներկայությունն ապահովել: Այդ դեպքում իրենք ստիպված կլինեն միջնորդել, որպեսզի հանրային պաշտպան ներգրավվի գործին:

Դատարանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակին՝ ընդգծելով, որ Կոչուբաևին չի հեռացնում վարույթից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոչուբաևը կալանավորվել է ֆեյսբուքյան գրառման համար:

  • Կիսվել: