երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՍԴ դատավորների կենսաթոշակը կհաշվարկվի նոր ձևով. Այն հետադարձ ուժ կունենա եւ կտարածվի ՍԴ նախկին դատավորների վրա

ՍԴ դատավորների կենսաթոշակը կհաշվարկվի նոր ձևով. Այն հետադարձ ուժ կունենա եւ կտարածվի ՍԴ նախկին դատավորների վրա

Առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Այդ մասին  հայտնում են ԱԺ-ից:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 20-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նշել է, որ նախատեսվում է նաև հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի պաշտոնաթող երկու դատավորի նկատմամբ:

Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ խնդիրն առաջացել է դատական համակարգում 2014 թվականի փոփոխություններից հետո, որոնց արդյունքում էապես փոփոխվել էր դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգը: Նա հավելել է, որ վերացվում է տարբեր ժամանակներում պաշտոնավարած դատավորների սոցիալական երաշխիքներին և կենսաթոշակին առնչվող հարցերում ոչ բալանսավորված իրավիճակը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության հեղինակած լրացումները և փոփոխությունները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իրազեկել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբագրական փոփոխություններ են կատարվել: Նա հիշեցրել է, որ պիլոտային է ծրագիրը, նպատակը կատարողականի հիման վրա արդար վարձատրության համակարգ ներդնելն է: Կատարողականի գնահատման չափանիշները սահմանվելու են Կառավարության որոշմամբ, իսկ հաշվարկման կարգը՝ ՊԵԿ նախագահի հրամանով:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: