հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Սասնա ծռեր»-ի գործը հասավ 8-րդ դատավորին

«Սասնա ծռեր»-ի գործը հասավ 8-րդ դատավորին

«Սասնա ծռեր» 2-ի գործն արդեն 8-րդ դատավորին է մակագրվել։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատավոր Աննա Մելիքսեթյանը գտնվում է արձակուրդում եւ գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Մկրտչյանին։

Սակայն դատավոր  Մկրտչյանը հայտնել է ինքնաբացարկ եւ պարզաբանել․ «Սույն քրեական գործով որպես տուժող ճանաչված «Երևանի քաղաքապետարան»-ի ներկայացուցիչ հանդես է գալիս Արամ Մանուչարի Մարտիրոսյանը, ով իմ վաղեմի ընկերն է և վերջինի հետ գտնվում եմ մտերիմ (այդ թվում նաև՝ ընտանիքներով) հարաբերությունների մեջ: Դատավորի անաչառության վերաբերյալ Եվրոպական դատարանի իրավունքի լույսի ներքո գնահատելով վերոգրյալ հանգամանքը` հարկ եմ համարում նկատել, որ սուբյեկտիվ մոտեցման տեսանկյունից ես` որպես դատավոր, որևէ նախնական համոզմունք չունեմ քննվող գործի կապակցությամբ:

Ինչ վերաբերում է օբյեկտիվ մոտեցմանը, ապա, հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքը, սույն քրեական գործով որևէ դատական ակտի կայացումը նշված պայմաններում կարող է ընկալվել ոչ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնել սույն գործով իմ անաչառության մեջ:

Բացի այդ, հարկ եմ համարում արձանագրել նաև այն կարևոր հանգամանքը, որ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ որպես «Երևանի քաղաքապետարան»-ի ներկայացուցիչ կարող է հանդես գալ այլ անձ, ապա պետք է փաստել, որ Արամ Մանուչարի Մարտիրոսյանը սույն քրեական գործով հանդիսանում է նաև վկա, հետևաբար՝ ողջամիտ և իրավաչափ չէ վերջինի հայտնած հանգամանքները գործի դատական քննության ընթացքում այլ անձից լսելու և գնահատելու հնարավորությունը: Սույն որոշմամբ նշված հանգամանքները դիտարկելով վերը շարադրված վերլուծության լույսի ներքո և այդ համատեքստում, նկատի ունենալով, որ նշյալ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ օբյեկտիվորեն կարող են ողջամիտ կասկած հարուցել նախագահող դատավորիս անկողմնակալության և անաչառության վերաբերյալ՝ դրանով իսկ կասկածի տակ առնելով նաև քրեական գործի ողջ քննության օբյեկտիվությունը և գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը՝ արձանագրում եմ, որ սույն գործի շրջանակներում առկա են ինքնաբացարկի հիմքեր, որոնք բավարար են օբյեկտիվ դիտորդի մոտ դատարանի անկողմնակալության և օբյեկտիվության նկատմամբ հիմնավոր կասկած ունենալու համար, ուստի գտնում եմ, որ թիվ ԵԷԴ/0090/01/17 քրեական գործով պետք է հայտնել ինքնաբացարկ»։

Արդյունքում գործը մակագրվել է Մարտին Արզումանյանին, նա ընդունել է վարույթ։

Հիշեցնենք, որ հենց սկզբում, «Սասնա ծռեր»-ի 32 անդամների գործը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Որոշ ժամանակ անց դատավորը որոշել էր գործերն առանձնացնել, եւ երկու գործերը դարձնել երեք։

Գործը մակագրվել էր Արշակ Վարդանյանին, Արթուր Օհանյանին, Արմեն Խաչատրյանին, Վարդան Գրիգորյանին, այնուհետեւ Աննա Մելիքսեթյանին։ Կազմի փոփոխությունը տեղի է ունեցել դատավորների հիվանդության, կենսաթոշակի անցնելու, արձակուրդում գտնվելու կամ այլ դատարան տեղափոխվելու հիմքով։

  • Կիսվել: