չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սադիստ ոստիկանների մահակը քոռ ա, էսօր մեր գլխին ա իջնում, վաղը հայտնի չէ՝ ում գլխին. Խաչատրյանը՝ Քոչարյանին

Սադիստ ոստիկանների մահակը քոռ ա, էսօր մեր գլխին ա իջնում, վաղը հայտնի չէ՝ ում գլխին. Խաչատրյանը՝ Քոչարյանին

Էդ լավ է, որ ասում եք՝ ՆԳՆ աշխատակիցների առողջական հարցերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն, վատ է, որ թմրանյութեր օգտագործող ոստիկաններ կան, վատ է, որ կան ոստիկաններ, որոնց փորը ձեռքից ավելի երկար է: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2025 թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ, դիմելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ասել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Բայց  ուզում եմ խոսել հոգեկան առողջությունը ստուգելու անհրաժեշտության մասին: Խոսքս չի վերաբերում օպեր-լիազորներին, քաղմասներում աշխատող ոստիկաններին, խոսքս վերաբերում է հատկապես ոստիկանության զորքերին, սեւ եւ կարմիր բերետավորներին:

Չե՞ք կարծում, որ պետք է նախ ծառայություն անցնելուց առաջ որպես պարտադիր նախապայման եւ ծառայության ընթացքում որպես պարտադիր նախապայման էդ մարդկանց թեստավորեն բռնության հակվածություն ունենալու համար:

Օրինակ, տարբեր երկրներում հատուկ թեստեր կան, որ ոստիկանի՝ բռնության հակվածությունը ստուգում են: Ես տպավորություն ունեմ, որ մեզ մոտ ոստիկանության զորքերում  ընտրություն է կատարվում սադիստական հակում ունեցող մարդկանց ներգրավելով ոստիկանության զորքերւմ եւ հատուկ ստորաբաժանումներում»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ մինչ օրս չեն տեսել, որ որեւէ բերետավոր բռնություն կատարելու համար դատվեր:

Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն նշեց. «Համաձայն եմ, որ մենք ունենք համակարգեր, որտեղ  ոստիկանության  ծառայողները պետք է անցնեն որոշակի ստուգումներ, նաեւ հոգեկան: Մենք ունենք գվարդիայի մասին օրենք, և Ձեր գործընկերներից շատերը քաջատեղյակ են, թե ինչ է նախատեսվում այդ բարփոխումների հիմքում: Որպեսզի այդ բարեփոխումները կյանքի կոչվեն, պետք է կայացնենք մեր գվարդիան՝ սկսած կրթական ցենզից մինչ բարեվարքություն»:

Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Կա ողջամիտ կասկած, որ ոստիկանության զորքերում կարմիր բերետավորների շարքում ներգրավում եք սադիստական հակվածություն ունեցող անձանց: Ի՞նչ եք նախատեսում անել՝ կանխելու նման սադիստների մուտքը համակարգ: Որովհետեւ մահակը, ինչպես փամփուշտը, քոռ ա, էսօր իջնում է մեր գլխին, վաղը հայտնի չէ՝ ում գլխին է իջնելու»:

Անդրանիկ Քոճարյանի խոսքով, խնդիրը ուժի մեջ չի, այլ հանդուրժողականության. «Եկեք հանդուրժենք իրար, առերեսվենք այն իրողության հետ, որը կոչվում է քաղաքական պայքար: Այդ պայքարի ոչ ուժային ճանապարհները չմերժելով մենք կարող է եւ արձանագրենք մեր երկրի առաջընթացի համար: Ուրային կառույցներին պիտակներ տալով ոչ մի տեղ չենք հասնի»:

  • Կիսվել: