հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քննչական կոմիտեի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման համար առաջարկվում է բարեփոխել «Հանրային ծառայության մասին» օրենքը

Քննչական կոմիտեի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման համար առաջարկվում է բարեփոխել «Հանրային ծառայության մասին» օրենքը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի գնահատմամբ՝ օրենսդրական առաջարկի նպատակը Քննչական կոմիտեի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելն է: «Քննչական կոմիտեի մասին» օրենքի փոփոխությունից հետո կոմիտեի կառուցվածքը և հաստիքացուցակը պետք է հաստատի կոմիտեի նախագահը: Աշխատանքն իրականացնելու նախապատրաստական փուլում, սակայն, Քննչական կոմիտեն արձանագրել է օրենսդրական բացը: Խնդիրն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսված չեն հայեցողական պաշտոնները: «Նման իրավիճակում փաստացի պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք պետք է անգործ մնային: Այսօր Քննչական կոմիտեն չի կարողանում կատարել կառուցվածքային փոփոխություններ, քանի որ այդ դեպքում մի շարք հաստիքներ կվերանան: Մինչդեռ այդ հաստիքներն անհրաժեշտ են Քննչական կոմիտեին»,-ընդգծեց Այվազյանը:

Առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» 2018 թ. ընդունված օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «գլխավոր դատախազի» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահի» բառերը, իսկ «գլխավոր դատախազի տեղակալի» բառերից հետո՝ «քննչական կոմիտեի նախագահի տեղակալների» բառերը: Արսեն Այվազյանի պնդմամբ՝ այս եղանակով կկարգավորվի օրենսդրական բացը:

Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը որոշեց առաջարկել հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

  • Կիսվել: