շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՔԿՀ-ներում, կորոնավիրուսի հետ կապված, կա խնդրահարույց վիճակ. ՄԻՊ

ՔԿՀ-ներում, կորոնավիրուսի հետ կապված, կա խնդրահարույց վիճակ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնահատում է խնդրահարույց: ՄԻՊ-ը նման տեսակետ հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը:

«ՔԿՀ-ներում, կորոնավիրուսի հետ կապված, կա խնդրահարույց վիճակ: Դեպքերը շատանում են, մահվան դեպքը կա, պարզաբանումների պահանջով հրատապ նամակ եմ պատրաստել, որը կուղարկեմ Արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ միջոցներ են ձեռնարկվում»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ փակ հաստատություններում վիճակը մտահոգիչ է:

Թաթոյանի խոսքով՝  կա պահանջ ԵԽԽՎ-ի կողմից, Խոշտանգումների կոմիտեի կողմից, որ պետությունը պետք է նախաձեռնի հնարավորինս ոչ միայն խափանման միջոցների նվազեցման կիրառություն՝ դատարանների կողմից, այլ նաև, օրինակ, եթե քրեական գործ է քննվում, դատախազը իրավասու պետք է լինի՝ քննարկելու փոփոխության հարց, կամ, եթե մարդն արդեն դատապարտված է, պայմանական վաղաժամկետ ազատման  հարց քննարկվի:

  • Կիսվել: