ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 6 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ ձերբակալվել էր 10 անձ։
Մյուս 3 անձանց նկատմամբ ևս նախաքննական մարմինը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, դատական նիստերը դեռ չեն նշանակվել։

ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 17-ին հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։ Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է։

Այդ օրերին Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը իրականացնում էր արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

  • Կիսվել: