ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քանի վարույթ է հարուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ու որ պաշտոնատար անձանց նկատմամբ

Քանի վարույթ է հարուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ու որ պաշտոնատար անձանց նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման վարչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում ապահովել է Հանձնաժողովի կողմից իրականացված վարույթների իրավական ապահովման աշխատանքները:

Վարույթների և իրավական ապահովման վարչության պետ Գյուլնարա Սարգսյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կատարված աշխատանքը՝ տեղեկացնում են ԿԿ հանձնաժողովից:

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովը քանի՞ վարույթ է հարուցել։

2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել են թվով 45 հայտարարագրմանն առնչվող և կարգապահական խախտումների վերաբեյալ վարույթներ: Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել են հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ թվով 30 վարույթներ, ինչպես նաև թվով 15 կարգապահական վարույթներ, որոնք հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 25-րդ հոդվածի 6․1-րդ մասով սահմանված դրույթի  ուժով։
Հարուցված 30 վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից թվով 10-ը հարուցվել են սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով, 19-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով, իսկ 1-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտման հիմքերով։

Ո՞ր պաշտոնատար անձանց նկատմամբ են հարուցվել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից թվով 20-ը հարուցվել են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, 3-ը՝ հանրային համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, 3-ը՝ համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, 4-ը՝ հանրային համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց ընտանիքի անդամների նկատմամբ։ 
Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ապա դրանք հարուցվել են ՀՀ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորների և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի նկատմամբ։

Հանձնաժողովը քանի՞ վարույթ է քննել և լուծել 1-ին կիսամյակում։

2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը քննել և լուծել է (վարույթը եզրափակել է որոշմամբ) թվով 54 վարույթների վերաբերյալ  գործեր։ Նշված գործերից 16-ը հանդիսանում են նախորդ տարվա ընթացքում հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ, 11-ը՝ կարգապահական վարույթներ, իսկ 27-ը՝  ընթացիկ տարում հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

Հաշվետու ժամանակահատվածում կայացված ՎԻՎ գործերով եզրափակված ինչպիսի՞ որոշումներ են կայացվել։

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից ընդունված թվով 1 որոշմամբ հայտարարատու անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը, իսկ 6-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 200․000 ՀՀ դրամի չափով, որոնցից 4-ի դեպքում հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ը՝ օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագրերը չներկայացնելու հիմքով։

Հաշվետու ժամանակահատվածում եզրափակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթների արդյունքում Հանձնաժողովը կայացրել է թվով 36 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու վերաբերյալ, որոնցից 24-ը հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով հարուցված վարույթներ, իսկ 12-ը՝ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով հարուցված վարույթներ։
Հաշվետու ժամանակահատվածում հարուցված թվով 15 կարգապահական վարույթներից՝ 11-ի դեպքում կայացվել է կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումներ։

  • Կիսվել: