երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Պետական մարմինները չեն մասնակցի փաստաբանների դեմ բռնության հարցով քննարկմանը. Թովմասյան

Պետական մարմինները չեն մասնակցի փաստաբանների դեմ բռնության հարցով քննարկմանը. Թովմասյան

 Պետական ոչ մի մարմին, բացի ՄԻՊ–ից, այսօր չի մասնակցի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների գործունեության խնդիրները» քննարկմանը։ Այսօր նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Թովմասյանը։
 
Նա հավելեց, որ բոլոր կառույցները կա՛մ չեն արձագանքել, կա՛մ մերժել են հրավերը։
«Փաստաբանները մեր երկրում իրենց մասնագիտական գործունեությունը կատարելիս բռնության են ենթարկվում, սա նշանակում է, որ Սահմանադրությամբ ամրագրված մասնագիտական իրավունքները և ընդհանրապես կյանքի իրավունքը վտանգվում է աշխատանքի ժամանակ։ Ես այսօր հրավիրել եմ քննարկում , որպեսզի հասկանանք, թե ինչ հնարավոր ելքեր կարող ենք գտնել այս իրավիճակում»,– ասաց Թովմասյանը։
 
Նա տեղեկացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցներին արդեն ուղարկել է համապատասխան զեկույց և տեղեկացրել, թե ինչ է կատարվում Հայաստանի դատական համակարգում։
Անկուսակցական պատգամավորը հուսով է, որ միջազգային կառույցները նույնպես կարձագանքեն փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին և իրենց մանդատի շրջանակում ամեն բան կան, որ դեպքերի կրկնությունը բացառվի։

  • Կիսվել: