Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ, պահանջել է հերքել զրպարտչական տեղեկությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ զրպարտություն համարվող տվյալների հերքման և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցման պահանջով։ Տեղեկատվությունն առկա է datalex.am-ում։
Հայցերից մեկ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում տուն ունենալու Սամվել Կարապետյանի հայտարարությանը։
Հայցով պահանջվում է պարտավորեցնել Սամվել Կարապետյանին Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով․
«Բովանդակությունը՝ «2026 թվականի մայիսի 25-ին, ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, տարածել եմ տեղեկություն, թե ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»։
Կարգը՝ հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ «Հերքում՝ 25․05․2026թ․ տրված հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։
Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ «Ուժեղ Հայաստան / Strong Armenia» յութուբյան ալիքի միջոցով։,
Պատասխանող Սամվել Սարգսի Կարապետյանից հօգուտ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնագանձել 6․000․000 (վեց միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար»։
Նիկոլ Փաշինյանի երկրորդ հայցը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի՝ «300 000 ադրբեջանցու»՝ ՀՀ-ում բնակվելու տեղեկությանը։
Հայցադիմումի համաձայն՝ 2026 թ. մայիսի 27-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տարածել է տեղեկություն, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, թե Հայաստան է բերելու 300 000 ադրբեջանցի։ Այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Հայցը բավարարվելու դեպքում հերքումը պետք է տարածվի «Ուժեղ Հայաստան» ֆեյսբուքյան էջի միջոցով, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով։ Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով։
Նիկոլ Փաշինյանը պահանջում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից՝ հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։


