Փաշինյանը բռնության կոչ չարե՞ց` ԱԺ ծեծկռտուքը ողջունելով. հարց` Մանասյանին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր դիրքորոշումը թե՛ ձեռք բարձրացնելու, թե՛ բռնությունը խրախուսելու անթույլատրելիության վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով վերջերս տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը և իր թիմակիցներին ուղղված՝ վարչապետի խրախուսող հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, Մանասյանը նշել է, որ թե՛ քաղաքական մեծամասնությունը, թե՛ փոքրամասնությունը պետական կառավարման մաս են կազմում։
ՄԻՊ-ը հիշեցրել է, որ նրանց գործողություններում ի սկզբանե խնդիրներ է տեսել։ «Տղամարդկանց թվում է, թե դա նորմալ է և առնականության դրսևորում է, ինքնահաստատում։ Դա այդպես չէ։ Պետական կառավարման բոլոր ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն, որ ոչ միայն չի կարելի բռնությունը դարձնել (խնդիրների լուծման) միջոց, այլև չի կարելի այն խրախուսել, պետք է հակազդել դրան», - նշել է Մանասյանը։ Նա հիշեցրել է, որ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ. ԱԺ-ն քաղաքակիրթ քննարկումների հարթակ է, ոչ թե մարտադաշտ։ Մանասյանը կոչ է արել հետաքննել միջադեպը և չխրախուսել այն։ «Կարծես դրանից հետո աջակցության հրապարակային հայտարարություններ չեմ տեսել», - հավելել է Մանասյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք խտրական վերաբերմունք չէ այն, որ հասարակության մեջ անթույլատրելի նույն խոսքերի համար սովորական քաղաքացիներին դատում են, իսկ վարչապետ Փաշինյանին պատասխանատվության չեն կանչում՝ ՄԻՊ-ը համաձայնել է, որ օրենքի կամայական մեկնաբանության վրա հիմնված արդարադատությունն անթույլատրելի է։ Եթե ինչ-որ բանի համար պատասխանատվության են ենթարկում, ապա կա՛մ բոլորին, կա՛մ ոչ մեկին, նշել է ՄԻՊ-ը։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ խոսքի ազատության հարցերում իրավական հետևանքները պետք է ծայրահեղ միջոց լինեն, քանի որ կան նաև այլ գործիքներ։ Եվրոպայում մանկապարտեզում նման խոսքերի համար ծնողներին կկանչեին, իրավիճակը պատկերավոր նկարագրել է Մանասյանը՝ կոչ անելով խնդիրները լուծել ավելի «ստորին ատյաններում»։


