շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում». Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկում է նոր նախագիծ

«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում». Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկում է նոր նախագիծ

«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում». Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկում է նոր նախագիծ, որի գլխավոր նպատակն է լսելի դարձնել երիտասարդների ձայնը և նրանց հետ համատեղ հաղթահարել իրավունքների ոլորտին առնչվող մարտահրավերները։

ՄԻՊ–ից հայտնում են, որ համարձակ ու մարդու իրավունքներով հետաքրքրված, նոր փոփոխությունների համար բաց և դրանց ուղղությամբ աշխատող. այսպիսին է նախագծի առաջին մասնակիցը`  եզդիական համայնքը ներկայացնող, դպրոցական Քրիստինե Հասոյանը Արմավիրի մարզից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Քրիստինեին հանդիպել է  հերթական մարզային այցի շրջանակներում՝ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում: Հանդիպման ընթացքում Քրիստինեին հետաքրքրող հարցը վերաբերում էր իր համայնքում փոփոխություններ բերելու հնարավորություններին, մասնավորապես, աղջիկների կրթության իրավունքի երաշխավորմանը, այդ առումով առկա խոչընդոտների հաղթահարմանը, վաղ և հարկադիր ամուսնությունների կանխարգելմանը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը վստահ  մեր միջավայրում փոփոխությունները հնարավոր են յուրաքանչյուրիս ակտիվ ներգրավմամբ ու այնպիսի խնդիրների բարձրաձայնման համարձակությամբ, որոնք շոշափելու համար հիրավի անհրաժեշտ է խիզախություն:

Այս հանգամանքները նկատի ունենալով է Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել Քրիստինեի ներգրավումը նախագծի շրջանակներում:

«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը լինելու է շարունակական։ 

Եթե երիտասարդ ես՝ աշակերտ կամ ուսանող, և վստահ ես, որ ուզում ես պատասխանատվություն ստանձնել հասարակությունում առկա մարտահրավերները բարձրաձայնելու և հաղթահարելու գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։

Մասնակիցները հնարավորություն են ունենալու անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ներգրավվելու աշխատանքային գործընթացներում, բարձրաձայնելու իրավունքներին առնչվող` մեր միջավայրում առկա խնդիրները և առաջարկելու դրանց համար լուծումներ։ Սա նաև հարթակ է՝ զարգացնելու իրավական գիտելիքները, ձեռք բերելու նոր փորձառություն և դառնալու ավելի ակտիվ ու իրազեկ քաղաքացի։

Ուղարկիր մոտիվացիոն նամակ և պատմիր քո մասին՝ նշելով թե ինչո՞ւ հենց դու պետք է լինես նախագծի հաջորդ մասնակիցը։ Նամակների ուսումնասիրությունից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: 

Քո պատմությունն ուղարկիր՝ [email protected] հասցեին:

  • Կիսվել: