Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Ավելի վաղ գրել էինք, որ օգոստոսի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երեւանի Տիչինայի փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում 5 անձ վիճաբանել են անվադողեր վերանորոգող աշխատակցի հետ, քաշքշել նրան եւ սպառնալիքներ հնչեցրել։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցներից մեկը եղել է Ալիկ Բանդուրյանը։ Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը հերքել էր Բանդուրյանի առնչությունը դեպքին եւ նշել, որ իր պաշտպանյալը որեւէ կարգավիճակ չունի։ Սակայն «Հրապարակ»-ին Քննչական կոմիտեից այլ տեղեկություն են հայտնել։ Ըստ ՔԿ-ի՝ Ա. Բ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան ներգործության, եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանության հատկանիշներով։ «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 20 մլն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը՝ հայտնել են ՔԿ-ից։ Քննչական կոմիտեն ի սկզբանե դատարան էր ներկայացրել Ալիկ Բանդուրյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել է այն։



