չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ «Անկախ դիտորդ»

Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։

Վարչական/բիզնես ռեսուրսների կիրառում

Այս ընտրությունների էական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարչական ռեսուրսների ու լծակների տիրապետում է ոչ միայն իշխող ուժն, այլ նաև ընդդիմությունն, ում աջակցում են բազմաթիվ համայնքապետեր՝ ՀՀ ողջ տարածքում։ Արձանագրված դեպքերից մեկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ենթադրյալ չարաշահման մասով հայտարարություն է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի դեմ։ Մյուս բոլոր դեպքերում ավելի շատ գործ ունենք ընդդիմության կողմից վարչական ռեսուրսի կիրառման հետ։ Ընդհանուր դիտարկմամբ հստակ է, որ ընդդիմադիր համայնքապետերի զգալի մասը լծված է քարոզչություն իրականացնելուն (նաև աշխատանքային ժամերին)։ Նրանք են նաև ապահովում «Հայաստան» դաշինքի մարզային հանիպումների մասնակիցներին։ Վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված որոշ դեպքեր ներկայացված են ստորև․

 

  • ըստ ստացված ահազանգերի՝ Գյումրի քաղաքում՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ ուսուցիչներին փորձել են ուղղորդել տարբեր կերպերով Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություների անունից (միգուցե առանց նրանց իմացության) ներգրավելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում։ Ըստ ստացված տեղեկությունների՝ այս գործընթացն իրականացվում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների հետ ասոցացվող անձանց կողմից։

  • Դիտարկված ժամանակահատվածում վարչական ռեսուրս կիրառել է նաև իշխող ուժը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, մի շարք նախարարների պաշտոնակատարների մարզային այցերին իրենց աշխատանքային ժամերին մասնակցել են մարզպետներ, մարզպետարանների աշխատակիցներ՝ իրենց աշխատանքային ժամերին կամ չգտնվելով արձակուրդի մեջ։

  • Սյունիքի մարզում հավաքներին հարկադրված մասնակցել են «Հայաստան» դաշինքի հետ ասոցացվող գործարարների աշխատակիցներ և համայնքային հիմնարկների աշխատակիցներ։

  • Վարչական ռեսուրսի չարաշահում են նաև համայնքային բյուջեի հաշվին տրամադրվող աջակցության դեպքերը, որոնք նկարագրվել են ընտրակաշառքների ահազանգերին վերաբերող հատվածներում:

  • Փոսային նորոգումների աշխատանքներ են մեկնարկել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Ըստ ստացված տեղեկատվության՝ այս գործողություններն իրականացվում են «Հասյաստան» դաշինքի օգտին՝ համայնքային բյուջեի հաշվին փաստացի ապահովելով նաև որոշ անձանց ժամանակավոր զբաղվածությունը։

  • Կիսվել: