կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նախատեսվում է իրավական կարգավիճակ տալ Հայաստանում գործունեություն ծավալող 2 կազմակերպության

Նախատեսվում է իրավական կարգավիճակ տալ Հայաստանում գործունեություն ծավալող 2 կազմակերպության

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հայտնել է, որ հարցը վերաբերում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Փոխնախարարի խոսքով ստացվել է այնպես, որ այս երկու կազմակերպությունները, որոնք այսօր գործունեություն են ծավալում Հայաստանում, չունեն իրավաբանական գրանցում: Շուրջ 12 տարի քննարկումներ են ծավալվել այս առնչությամբ, սակայն հարցը չի լուծվել:

«Ըստ էության, հարցը վերաբերում է այս կազմակերպություններին իրավական կարգավիճակ տալուն Հայաստանում»,- պարզաբանել է փոխնախարարը՝ հավելելով, որ պաշտոնական կարգավիճակ չունենալը հարկային և այլ խնդիրներ է առաջացնում վերոնշյալ կազմակերպությունների համար:

Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: