ՄԻՊ-ն այցելել է Բերդ համայնք
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։
Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների հետ։ Պաշտպանն այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալ:
Համայնքի ղեկավարի հետ քննարկվել են մարդու իրավունքների իրացմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներին, մասնավորապես՝ բնակարանային ապահովմանը, աջակցության ծրագրերին, երեխաների դպրոց և մանկապարտեզ հաճախելուն վերաբերող հարցերին։
Քննարկվել են նաև սահմանամերձ բնակավայրերին բնորոշ զբաղվածության մարտահրավերները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ բարձրացված հարցերն իր մանդատի շրջանակում ուսումնասիրելու և համապատասխան լուծումներ առաջարկելու ուղղությամբ։
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երեխաների իրավունքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` երեխաների բռնությունից զերծ միջավայրում ապրելու, կրթության իրավունքի ապահովման, այդ գործընթացում իրավասու մարմինների միջև համագործակցության ձևաչափերի և այլնի հետ կապված:
Այնուհետև Պաշտպանը շրջայց է կատարել Բերդի զինվորական հոսպիտալում։ Ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման պայմանները։ Պաշտպանը հանդիպել է բուժում ստացող զինծառայողների հետ, ծանոթացել նրանց առողջական խնդիրներին, բուժման ընթացքին և առօրյային։ Հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման մեթոդներին, դեղորայքի հասանելիությանը և իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերող խնդիրներ։
Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է նաև Հայ Օգնության Ֆոնդի Բերդի մասնաճյուղ, ծանոթացել կազմակերպության կողմից իրականացվող սոցիալական աջակցման ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ՝ ընդգծելով նման նախաձեռնությունների դերը համայնքի սոցիալական կայունության ապահովման գործում։